«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կթակեն գյումրեցիների դռները և կառաջարկեն քվեարկել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու համար: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ կա Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի 7 թեկնածու:
«Առաջիկա կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից կիրականացվի այդ նախնական քվեարկությունը: Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին: Հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հույս հայտնեց, որ նախնական ընտրությունը հաջող կընթանա: Նա սա շատ լավ մեխանիզմ համարեց՝ կիրառելու բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կլինի:
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներն են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը: