«Հրապարակ» թերթ-ը գրում է. ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը` նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանի որդին, հիմնադրամի փակվելուց եւ իրեն աշխատանքից հեռացնելուց հետո դիմել էր դատարան` վիճարկելով իր ազատման հրամանը: Մենք տեղեկացանք, որ նա դատարանում հաղթանակ է տարել ԱՆԻՖ-ի խորհրդի դեմ, որի որոշմամբ ազատվել էր աշխատանքից։ Երեւանի քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի արձանագրությունը, որով Փափազյանի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցվել էին։
Դա տեղի էր ունեցել 2024 թվականի մայիսին։ Իսկ մինչ այդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ Պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաեւ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգեւավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաեւ այդ գործընթացների փաստաթղթավորմանը։ Պարզել էին, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցներն արդյունավետ չի օգտագործել, որ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավվել։
Մի խոսքով` ԱՆԻՖ կոչվող ավանտյուրան ձախողվել է հիմնովին, եւ պետական բյուջեից ահռելի գումարներ են դուրս եկել ու չեն վերադարձվել: Երբ պարզվեց, որ սա մի մեծ «լվացքատուն» է եղել, որտեղ մեծ գումարներ են կորել, իշխանությունը որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը` այն սնանկ ճանաչել, մի փոքրիկ մաս պահպանելով Պետական գույքի կառավարման վարչությունում։ Եվ սկսեցին հարցեր բարձրացնել՝ իսկ ում մեղքով է այսքան գումար վատնվել, ով է այդ նախագծի հեղինակն ու իրականացնողը, ինչպես են նման սխալ հաշվարկներ արել, ինչու են այդքան բարձր աշխատավարձեր վճարել աշխատողներին, եթե տարեցտարի ոչ մի ներդրում չէր գալիս, եւ կառույցը չէր արդարացնում իրեն: ԱՆԻՖ-ի հետ կապված հայտարարվեց, որ քրեական վարույթ է հարուցվել, սակայն մեկ տարուց ավելի է` ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ գործի ընթացք, ո՛չ կալանավորված ու պատժված անձ: Մինչդեռ խոսքը մի քանի միլիարդ գումարի մասին է:
Իսկ տնօրեն Դավիթ Փափազյանին հեռացնելով՝ ոմանք երեւի հույս ունեին, որ կատարվածի մեղքը կբարդվի հենց նրա վրա․ ահա՝ չարաշահումների մեղավորին հեռացրել են, քննություն է ընթանում, եւ շուտով արդարությունն ամբողջությամբ կվերականգնվի։ Եվ Դավիթ Փափազյանն էլ պետք է գոհ լիներ, որ ընդամենը աշխատանքից ազատվելով է փրկվել` քրեական գործի շրջանակներում չի կալանավորվել, մեղադրյալի կարգավիճակ չունի։ Բայց Փափազյանը համաձայն չէր քավության նոխազի դերին, ուստի դիմեց դատարան ու հաղթեց՝ ցույց տալով, որ պատրաստ է կռիվ տալու։ Հասկանալի է, որ նա շատ գաղտնիքներ գիտի: Օրինակ՝ գիտի, թե ում գաղափարն է եղել այս մեռելածին կառույցը: Նաեւ կարող է պատմել, թե այս նախաձեռնության մեջ ինչ դերակատարում են ունեցել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը եւ գործող նախարար Վահե Հովհաննիսյանը: Ինչ հարցեր է որոշել ԱՆԻՖ-ի խորհուրդը, որի նախագահը 3 տարի եղել է Տիգրան Ավինյանը: Վերջապես` ինչու ձախողվեցին ազգային ավիափոխադրողի կամ արեւային էներգիայի կայանների ծրագրերը, որոնց մասին ժամանակին այս կառավարությունը փիառ ակցիա էր անում` թմբկահարում, թե դարի պրոյեկտներն են դրանք եւ մեծ օգուտ են բերելու Հայաստանին: ԱՆԻՖ-ի վերաբերյալ գործն էլ, որը քննվում էր գաղտնիության մթնոլորտում, զուտ ձեւական է` այս կառույցի մասին հիշող հատուկենտ մարդկանց եւ լրագրողների բերանը փակելու համար։ Այդ գործով որեւէ անձի մեղադրանք չի ներկայացվել, երեւի` չի էլ ներկայացվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: