Շատերը չգիտեն նրան, բայց գիտեն նրա «Միկի և Մինի մաուսներին», «Դոնալդ բադիկին», «Ձյունանուշիկին և յոթ թզուկներին»։ Խոսքը գնում է կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի մասին։
Այսօր Ուոլթ Դիսնեյի ծննդյան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է վերջինիս կյանքից հետաքրքիր պատմություններ, դեպքեր։
«Միկի անունով Մկնիկը»․ ինչպե՞ս այն հեղաշրջեց Դիսնեյի կյանքը
Ինչպես վերը նշեցինք՝ Դիսնեյին չճանաչելու դեպքում՝ հաստատ ճանաչում են նրա Միկի մաուսին՝ մկնիկ Միկիին։ Չնայած նրան, որ մկնիկ Միկին բավականին սիրված և ճանաչված մուլտհերոս է, նրա կերպարն այնքան էլ հեշտ չի ճանապարհով չի անցել։ 1920-ականների վերջին Ուոլթ Դիսնեյը ֆինանսական դժվարությունների առաջ էր կանգնած: Նրա առաջին հաջողված կերպարը՝ Օսվալդ Բախտավոր Ճագարը (Oswald the Lucky Rabbit), կորցրեց Universal Pictures-ի հետ պայմանագրային խնդիրների պատճառով:
Այդ պահին նա իր եղբոր՝ Ռոյի և ընկերոջ՝ Ուբ Այվերկսի հետ ստեղծեց նոր կերպար՝ Միկի Մաուսը: Միկիի առաջին անիմացիան՝ Steamboat Willie-ը (1928), դարձավ աննախադեպ հաջողություն և փոխեց նրա կյանքը:
Միկի Մաուսի նախնական անունը պետք է լիներ Mortimer Mouse: Սակայն Ուոլթ Դիսնեյի կինը՝ Լիլիանը կարծեց, որ դա հնչում է չափազանց լուրջ և անհարմար: Նա առաջարկեց «Միկի» և Ուոլթը համաձայնեց: Միկի Մաուսի առաջին պաշտոնական անիմացիան համարվում է Steamboat Willie, որը թողարկվեց 1928 թվականի նոյեմբերի 18-ին: Այն առաջին սինխրոնացված ձայնով անիմացիոն ֆիլմերից մեկն էր և այս տեխնոլոգիական նորամուծությունը մեծ ազդեցություն ունեցավ անիմացիայի ոլորտում: Այս ամսաթիվը նաև նշվում է որպես Միկի Մաուսի «ծննդյան օր»: Առաջին տարիներին Միկի Մաուսին ձայնային հնչյունավորում էր անում հենց Ուոլթ Դիսնեյը: Նա խոստովանել է, որ իրեն դուր էր գալիս կերպարի հետ «կենդանի կապ» ունենալը: Ավելի ուշ դերասաններ Ջիմի Մաքդոնալդը և Ուեյն Օլվայնը ստանձնեցին այդ դերը:
Միկի Մաուսն առաջին անիմացիոն կերպարն էր, որն արժանացավ Օսկարի պատվավոր մրցանակի 1932 թվականին՝ «Ստեղծագործական ձեռքբերումների» համար: 1950-ականներին Միկի Մաուսի շուրջ ստեղծվեց հեռուստաշոու՝ The Mickey Mouse Club-ը, որը դարձավ շատ սերունդների սիրելի հաղորդումը, որի միջոցով Միկիի կերպարը ավելի լայն ճանաչում ստացավ: Միկի Մաուսը Դիսնեյի բրենդի հիմնական խորհրդանիշն է: Նա նաև սիմվոլ է եղել մշակութային մի շարք երևույթների համար: Օրինակ՝ Սառը պատերազմի ընթացքում նրան նույնիսկ օգտագործում էին որպես ազատության և ամերիկյան մշակույթի խորհրդանիշ: Դիսնեյի բոլոր զբոսայգիներում կա «թաքնված Միկի» (Hidden Mickey). Միկիի գլխի ու ականջների սիմվոլը պատահական տեղերում է թաքնված և այցելուները կարող են դրանք որոնել որպես խաղ: Միկի Մաուսի ազդեցությունը ոչ միայն զվարճանքի ոլորտում, այլև ամբողջ մշակույթում՝ անգնահատելի է և նա մինչ օրս շարունակում է մնալ սիրված կերպար ամբողջ աշխարհում:
Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները
Սա Ուոլթ Դիսնեյի ստուդիայի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Ֆիլմի հիմքում ընկած է գերմանական հեքիաթը, որի հեղինակը Գրիմ եղբայրներն են։ 1930-ականներին Դիսնեյը որոշեց նկարահանել Սպիտակաձյունիկ և յոթ թզուկները՝ պատմության առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը: Շատերը նրան նախազգուշացնում էին, որ դա չափազանց ռիսկային էր և կարող էր տապալվել: Ի սկզբանե ֆիլմի բյուջեն նախատեսված է եղել 250․000 ԱՄՆ դոլարը, որը հետագայում աճեց և հասավ 1․5 ԱՄՆ դոլարի։ Այնուամենայնիվ, Ուոլթը իր տունը գրավ դրեց և գրավադրման գումարը վերցրեց, գումարեց բոլոր հնարավոր ռեսուրսները և 1937-ին թողարկեց ֆիլմը, որը հսկայական հաջողություն ունեցավ և դարձավ ժամանակի ամենաբարձր եկամտաբեր ֆիլմերից մեկը:
Շատ քննադատներ մտածում էին, որ մարդիկ կհոգնեն «դիտելու մուլտֆիլմը» 90 րոպե շարունակ: Ֆիլմում օգտագործվեց նոր Multiplane Camera տեխնոլոգիան, որը հնարավորություն տվեց պատկերել խորություն և տարածականություն: Այդ տեխնիկան թույլ տվեց ստեղծել վիզուալ ավելի իրատեսական միջավայրեր:
Դիսնեյը փոխեց ավանդական թզուկների դերը՝ յուրաքանչյուրին տալով եզակի անուններ և անհատականություններ, որոնք հիշվում են մինչ օրս.
- Դոքի (Doc)՝ խմբի առաջնորդը
- Գռամփի (Grumpy)՝ դժգոհ ու խիստ
- Հեփի (Happy)՝ միշտ ուրախ
- Սլիփի (Sleepy)՝ քնկոտ
- Բեշֆուլ (Bashful)՝ ամաչկոտ
- Սնիզի (Sneezy)՝ անընդհատ փռշտացող
- Դուփի (Dopey)՝ ամենաանմեղ ու զվարճալի թզուկը
Թզուկների կերպարների խորությունը և հումորը ֆիլմի մեծ հաջողության բանալիներից էր:
1939 թվականին Ուոլթ Դիսնեյը ստացավ հատուկ Օսկար՝ մեկ մեծ և յոթ փոքր արձանիկների ձևով՝ ֆիլմի նորարարական և պատմական նշանակության համար։
Սպիտակաձյունիկի ձայնը պատկանում է Էդրիանա Կասելոտիին, ով այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր: Ուոլթ Դիսնեյը դիտավորյալ արգելեց Կասելոտիին մասնակցել այլ նախագծերին, որպեսզի նրա ձայնը մշտապես ասոցացվեր Սպիտակաձյունիկի հետ: Թզուկների երգը՝ Heigh-Ho, դարձավ հսկայական հիթ և մինչ օրս կապվում է Դիսնեյի բրենդի հետ։
Աննա Սրապիոնյան