Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։
Հանդիպմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական կենտրոնների տնօրենները։
Իր խոսքում նախարարը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։ Խուդաթյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզի գործընկերներին, Արմավիրի մարզի բնակիչներին համատեղ աշխատանքի համար։
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար և նշել, որ, ստանձնելով Արմավիրի մարզպետի պաշտոնը, ամեն ինչ անելու է, որպեսզի արդարացնի Արմավիրի մարզի բնակիչների ակնկալիքները: