ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պաշտոնից ազատել է նախկին դատախազ՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Ալոյանին:
Գոռ Ալոյանը այս տարվա հունիսի 20-ին էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, սակայն մինչ այդ սկանդալով էր հեռացել դատախազությունից:
Բանն այն է, որ մինչ Տավուշում իրավիճակը լարված է, եւ քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այս իրավիճակին զուգահեռ, դատախազությունում կադրային փոփոխությունների մասին է հայտարարում, եւ ըստ հայտարարության՝ պաշտոնից ազատում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը ինքն է անձամբ դիմում գրել հեռանալու համար՝ այլ ուժային կառույցում աշխատելու նպատակով, սակայն, այս իրավիճակում ուշագրավն այն է, որ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին ու ըստ լուրերի՝ նրա հեռացման պատճառը եղել է «Տավուշը հանուն հայրենիք»-ի անդամների նկատմամբ իրավապահների որդեգրած քաղաքականությունը՝ տանել բոլորին փակել, ինչին էլ Ալոյանը դեմ է եղել: Արդյունքում նա դատախազությունից դուրս եկավ եւ նրան կոմիտե կանչեց ԱՐԳԻՇՏԻ Քյարամյանը, ՍԱԿԱՅՆ Քյարամյանի հեռանալուց հետո քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Պողոսյանը, որի որոշմամբ էլ Ալոյանին հեռացրեցին համակարգից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան