ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են միջուկային մաքսանենգության դեմ պայքարի միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցել են ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկել են միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները:

Կողմերը տեղեկատվություն են փոխանակել արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկել են միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ աջակցությունը և կարևորել է հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն է արտահայտել կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշել են նաև ապագա քայլերը:




Լրահոս