«ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ Է». ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը անդրադարձել է Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու որոշմանը:

 

-«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչության նիստի ժամանակ ներողություն է խնդրել Ձեզնից եւ Հրաչ Հակոբյանից: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Այդպիսի բան չի եղել, հոգնեցի արդեն այդ թեմայով խոսելուց: Նման տեղեկություն չունեմ: 12-ին ես ներկա էի իմ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումների նպատակով: Թե ինչու է ներկա եղել պարոն Քոչարյանը, չեմ կարող ասել:

-Պարո՛ն Գաբրիելյան, իսկ ինչպես եք վերաբերում պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը: Երեկ նա ասել է, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել: Ի՞նչ կասեք այս որոշման վերաբերյալ:

-Ես մեկ անգամ արդեն նշել եմ այս մասին. կուսակցությունում կան խաղի կանոններ, եւ պարոն Աղազարյանը նույնպես հաստատել է այդ խաղի կանոնները: Կարծում եմ, որ ավելի ազնիվ կլինի, որ այդ խաղի կանոնները, որոնք մշակել, հաստատել եւ ընդունել է նաեւ պարոն Աղազարյանը, որպես կուսակցական՝  նախ եւ առաջ ինքը համարի ընդունելի, առաջին հերթին՝ հենց իր դեպքում, քանի որ դա հարգանք է հենց իր նկատմամբ:

Մենք բոլորս կուսակցական ենք, եւ կան ընդհանուր խաղի կանոններ:

-Իսկ եթե վարչապետը Ձեզ դիմեր նման խնդրանքով, Ձեր մանդատը վայր կդնեի՞ք:

-Իհարկե, քանի որ ես կուսակցական եմ, եւ որպես կուսակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանին ընտրել եմ նաեւ ես, վարչության համագումարն է ընտրել: Ինչու եմ ասում՝ բնականաբար, քանի որ այս վեց-յոթ տարվա գործունեության ընթացքում չեմ տեսել մի որոշում, որը կապված լինի անձի հետ, եւ այդ անձը առնվազն լսելի եղած չլինի, իր տեսակետը չհայտնի: Այսինքն՝ ես ականատես չեմ եղել որեւէ անարդար որոշման: Եվ, բնականաբար, հենց այդ հիմքով էլ ասում եմ, որ մի օր վարչությունը, եթե ինձ էլ խնդրի, որ մանդատս վայր դնեմ կամ կուսակցությունը լքեմ՝ ներկայությունս համարելով ոչ նպատակահարմար, ապա վայր կդնեմ:

-Իսկ որքանո՞վ եք ճիշտ համարում, որ գործադիրի ղեկավարը պատգամավորին, անգամ խնդրանքով դիմի նման հարցով:

-Նիկոլ Փաշինյանը դիմել է՝ որպես կուսակցության վարչության նախագահ: Չեմ կարծում, որ այս հարցում գործադիր-օրենսդիր հարաբերակցություն կա: Որքանով որ ես տեղյակ եմ, պարոն Աղազարյանը լսելի է եղել, իր կարծիքը եւ տեսակետները՝ նույնպես: Բայց այն խաղի կանոնները, որոնք նաեւ ինքն է հիմք ընդունել եւ հաստատել, ինքն էլ հենց խախտել է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ




Լրահոս