Բարձրագույն դատական խորհրդից երեկ հայտնել են. «Այսօր, օրենքով սահմանված կարգով, նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով: Շնորհավորում եւ աշխատանքային հաջող ընթացք ենք մաղթում պարոն Աթաբեկյանին»։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության եւ այս թունավոր պաշտոնում` իբրեւ ամենաերկարը դիմացած ղեկավար»: Իսկ այժմ ԲԴԽ-ն ունի նախագահի հավանական թեկնածու՝ ԲԴԽ անդամ եւ Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը։
Արթուր Աթաբեկյանը 2004 թվականին աշխատել է Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանում` որպես կոմունալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ։ 20 տարի անց առաջին կարգի մասնագետից դարձել է դատավոր եւ ԲԴԽ անդամ։
Հեղափոխությունը Աթաբեկյանի կյանքում եւս արգասաբեր եղավ. ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նա նշանակվեց Սնանկության դատարանի դատավոր:
2022 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, իսկ 2023 թվականին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2024 թվականին, ՀՀ նախագահի որոշմամբ, նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Այժմ ուսումնասիրենք, թե ինչ ունեցվածք ունի Արթուր Աթաբեկյանը:
Համաձայն դատավորի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակելի տուն, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս, 1 ավտոկայանատեղի։ Գույքերը գտնվում են Երեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Սարիգյուղում։
Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենա, որը գնվել է 2022 թվականին։
Արթուր Աթաբեկյանը հայտարարագրել է նաեւ մեկ TOYOTA մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 355 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 6 մլն 700 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։
Որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ՝ Աթաբեկյանը հայտարարագրել է 264 հազար դրամ, որը ստացել է «ՀՀ Փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից։
ԲԴԽ անդամի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը 2 բնակարանի եւ 1 ավտոկայանատեղու հիփոթեքային վարկ է, որի համար էլ եկամտահարկի վերադարձի օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու համար։
ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Աթաբեկյանը հանգստի համար կատարել է 3 մլն 500 հազար դրամի ճանապարհածախս։ Վարկերի մարմանն ուղղել է 4 մլն 049 հազար դրամ։
Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միություն անդամ է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ԱՐՑԱԽՆ Ի՞ՆՉ Է». ՓԱՇԻՆՅԱՆ
«Մեր ընդդիմադիր գործընկերներն անընդհատ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», այսօր դրան պետք է անդրադառնամ»: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց բարձրացրեց՝ 2018-ին ու դրանից առաջ Ղարաբաղն ի՞նչ էր, անկախ պետությո՞ւն էր, չէ՛, մինչեւ հիմա ասում են մեր բարեկամները եւ ոչ բարեկամները, եթե այդպես էր՝ ճանաչեիք:
«Մեզ որ վերագրում են դավաճանական քայլեր, դրանից առաջ ես այս դահլիճում պատգամավոր եմ եղել, մի քանի անգամ ընդդիմության կողմից նախաձեռնություն է եղել, որ ճանաչեք: Մենք ասել ենք՝ չէ՛, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ՛, Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ՛: Լավ ժողովու՛րդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է:
Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ հարցի այդ իրավիճակով, ապա մեր վարած այդ քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձեւակերպումն ի սկզբանե սխալ էր: Եթե հարցը ձեւակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ՝ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք եւ վարում ենք, ոչ թե ճիշտ կամ սխալ է այլ միակ հնարավոր տարբերակն էր, որ այսօր մեզ շանս է տալիս պետություն ունենալու: Հետեւաբար, շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը եւ հնարավորությունը» – ասել է նա:
Փաշինյանն այնուհետեւ հիշեցրել է, որ երկու տարի առաջ ասել է՝ եթե մեզ հաջողվի պահել մեր պետականությունը 1-2 տարի, դա կնշանակի, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել:
«Ահա երկու տարի առաջ ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին որպես ՀՀ վարչապետ եւ պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր եւ հիմնական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը:
Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,- նշել է նա: