ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎՈՒՄ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

 

Գոհար Գասպարյանը (1924-2007 թթ.)՝ օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո), ՀԽՍՀ (1953 թ.), ԽՍՀՄ (1956 թ.) ժողովրդական ամենահայտնի արտիստներից:

Ծնվել է Կահիրեում, երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, երգեցողության դասեր է առել Է Ֆելդմանից եւ Վ. Կարրոյից: 1940 թ.-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, 1947 թ. եղել է Եգիպտոսի ռադիոյի մեներգչուհի։

1948 թ. բնակություն է հաստատել Հայաստանում։ 1949 թ.-ից եղել է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Երեւանում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով (Լ. Դելիբի «Լակմե»)։

Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ». նրա ձայնն առանձնացել է ընդարձակ դիապազոնով, ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթեւությամբ: Գասպարյանն ունեցել է 4000-ից ավելի համերգ. երգել է աշխարհի նշանավոր բեմերում՝ Նյու Յորքի Քարնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում:

Երգչուհու երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ Նա կատարել է 23 օպերաների գլխավոր դերերգեր՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Լուչիա (Գ. Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»), Վիոլետտա, Ջիլդա (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), այլ:

1964-2007 թթ. դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թ.-ից՝ պրոֆեսոր):

Գոհար Գասպարյանն արժանացել է մի շարք պետական մրցանակների եւ պարգեւների. ԽՍՀՄ (1951 թ.) եւ ՀԽՍՀ (1965 թ.) Պետական մրցանակներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984 թ.), Երեւանի պատվավոր քաղաքացի (1984 թ.), Լենինի շքանշան (1984 թ.), «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1984 թ.), «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1994 թ.), այլ։ Գոհար Գասպարյանի անունով անվանակոչվել է փողոց Երեւանում:

Հուշադրամի ձեւավորումը հետեւյալ կերպով է. դիմերես՝ Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ:

Դարձերես՝ Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի եւ սոխակի պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 33,6 գ

Տրամագիծը՝ 40,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Թողարկման քանակը՝ 300 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2024

 

 

 

 

«ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» ՊՈԵՄԻ ԽԱՆՋՅԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ. «Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 եւ Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատկերազարդն ապահովված է՝

տիֆլոմեկնաբանությունով (կտավի ձայնային նկարագրություն. զուգահեռ ընթերցվում է «Անլռելի զանգակատուն» պոեմի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում),

QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանությունների հղումով,

համապատասխան երաժշտությամբ:

Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաեւ որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։

Նախագծի արդյունքում ստեղծված «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով:

Ծրագիրն իրականացրել է «Սարեր» մշակութային ՀԿ-ն:

 

 

ՇՐՋԱՅՑ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին:

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն




Լրահոս