«Ժողովուրդ» օրաթերթի կողմից բացահայտված մանր եղջերավորներին առնչվող կոռուպցիոն սկանդալը չի ներում Հովիկ Աղազարյանը. քեն է պահում, մերժում հարցազրույցներ տալ մեզ, իսկ երեկ էլի վիրավորեց մեր լրագրողին:
ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։
Իհարկե, վստահ ենք, որ եթե Աղազարյանը հեռացված չլիներ կուսակցությունից, Ալեն Սիմոնյանը նման պատրաստակամ առաջարկով մեզ չէր մոտենա, եւ ՔՊ-ական պատգամավորը կմնար անպատիժ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նույն Հովիկ Աղազարյանը վիրավորել էր նաեւ մեր մյուս լրագրողին՝ Քնար Մանուկյանին, բայց ՔՊ-ականները որեւէ կերպ չդատապարտեցին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ չմոտեցավ ու չասաց՝ գլուխը պատին է տվել: Ավելին` անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկեց հավատարմագրից՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին վերջինիս համար անցանկալի՝ թմրանյութեր օգտագործելուն առնչվող հարցեր տալու համար: Նույն Ալեն Սիմոնյանը այս դեպքում նույնպիսի հոգատարություն չդրսեւորեց: Բայց հիմա ՔՊ-ականները վճռականորեն ամեն կերպ ցանկանում են պատժել Աղազարյանին:
Հ. Գ. Աղազարյանին պատժելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է. մենք, ինչպես միշտ, մեր իրավունքների համար պայքարի բոլոր գործիքներից օգտվում ենք:
Պետական բարձրաստիճան պաշտոնները լրացվում են ՀՀ դատախազության կադրերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է: Ինչպես հայտնի է, երկու թեկնածու կա սահմանադրական այդ կարեւորագույն անկախ մարմնի անդամի համար: Արմեն Մարուխյանի եւ Նարինե Ազարյանի թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:
Իսկ ովքեր են նրանք. ամենեւին՝ ոչ պատահական մարդիկ: Այս տարվա մայիսի 3-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաշվետվությունն էր ներկայացնում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, դատախազը պատասխանեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մինչդեռ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ դա զրպարտություն է, որ դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որեւէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ որեւէ այլ մեղադրյալ որեւէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետեւ պաշտպանող կողմը գործը համարում է շինծու եւ չի ընդունում մեղադրանքը:
ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել: Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նրանք չեն հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել: Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել:
Հավելենք, որ ըստ մամուլի` Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ եւ անձնական կապեր չունեցող կերպար լինի:
ՔՊ-ում երեկ իսկական «արմագեդոն» էր: Իշխանական «շարքային» պատգամավորները ապշած ու միեւնույն ժամանակ վախեցած այս ու այն կողմ էին շրջում, չգիտեին՝ ինչ վարքագիծ դրսեւորեն. չէին խոսում, լուռ դիտորդ էին:
Նախ՝ ՔՊ-ական պատգամավորներն անակնկալի էին եկել, որ Նիկոլ Փաշինյանը, այդպես ստորացնելով, խայտառակելով հեռացրեց Հովիկ Աղազարյանին, ԱԺ ամբիոնից էլ սպառնաց, որ ամեն ինչ արվելու է պատգամավորին մանդատից զրկելու համար: ՔՊ վերնախավի 3 ներկայացուցիչներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, իրար հերթ չտալով, խոսում էին, թե շոկի մեջ են Աղազարյանի մասին բացահայտումներից, ամաչել են, թե ինչեր են կարդացել, ինչ է գրել Աղազարյանը սոցցանցում իր քննադատներին: Այս պաշտոնյաները մոռացել են, կամ գուցե նրանց «հրահանգվել» է մոռանալ, որ Աղազարյանը կանանց հասցեին էր հայհոյանքներ գրել ու ստել, թե հեռախոսի գաղտնաբառը կոտրել են ու իր անունից գրել: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին գրել էր, նաեւ հիշեցրել, որ նույն Աղազարյանը հայհոյեց Եռաբլուրում զոհվածների հարազատներին ու, բոլոր դեպքերում, մնաց անպատիժ:
Բացի այդ, Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կառավարություն-խմբակցություն հանդիպումից որոշակի տեղեկություններ է պատմել լրատվամիջոցներին, որն էլ ՔՊ-ն համարում է պետգաղտնիքի հրապարակում:
Դրանից բացի, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի ողջ տեղեկությունը Փաշինյանի սեղանին է հայտնվել, ՔՊ-ականները սկսել են վախենալ: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում պատմեցին, որ երեկ պատգամավորները իրենց շատ նամակագրություններ ջնջում էին հեռախոսների միջից: Մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Փաշինյանը կարող է բարկանալ, եւ իրենց անձնական խոսակցությունները, գաղտնիքները նույնպես նման խայտառակ կերպով կհանրայնացվեն:
Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանը 3 բնակարան է հայտարարագրել։ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդը ներքին գործերի նախարարությունում փորձում է վերականգնել նոր նախարար Արփինե Սարգսյանը։
Արմեն Մկրտչյանը համակարգում նոր չէ: Մինչ ՆԳ նախարարի տեղակալ դառնալը Մկրտչյանը զբաղեցրել է ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը եւ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնեական պարտականությունների դրությամբ։
Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է եւս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։ Պաշտոնը դադարեցնելու պահին Արմեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 570 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։ Համեմատելով 2022 թվականին Մկրտչյանի ներկայացրած հայտարարագրի ֆինանսական տվյալները 2023 թվականին ներկայացրած ֆինանսների հետ՝ կարող ենք ասել, որ մեկ տարում դրանք զգալիորեն ավելացել են։
Օրինակ՝ բանկային հաշիվների մնացորդն ավելացել է գրեթե 300 հազար դրամով, կանխիկ դրամական միջոցները պակասել են 100 հազար դրամով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված 2023 թվականի հայտարարագիրը պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ առկա ֆինանսական միջոցներն է ներկայացնում, բացարձակ համեմատությունը տեղին չէ։
Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 370 հազար դրամ, որից 6 մլն 358 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից, իսկ 62 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 մլն 881 հազար դրամ, որից 12 մլն 281 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար Մկրտչյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 950 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է եղել։