ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ 5 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկվում է խստացնել թմրաշրջանառությամբ զբաղվողների պատիժը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայկ Սարգսյանի հետ։

– Պարո՛ն Սարգսյան, Դուք նոր նախագիծ եք շրջանառել, որով առաջարկում եք խստացնել թմրանյութի շրջանառությամբ զբաղվողների պատիժը: Կխնդրենք՝ մի փոքր մանրամասնեք, թե ինչ խստացումներ են նախատեսվում եւ որքանով է խստացվում օրենքը:

-Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Առաջիկայում պետք է քննարկվի նաեւ Կառավարության անդամների հետ: Միայն թվերը կարող եմ ասել՝ նշելով, թե ինչու եմ նման խստացումների վերաբերյալ նախագիծ առաջ բերել: Վերջին տարիներին մեծ տեմպով աճել են թմրանյութերի անօրինական շրջանառության ծավալները: 2022 թվականին՝ ողջ տարվա ընթացքում, հայտնաբերվել է 867 հանցագործության դեպք, իսկ 2023 թվականին արդեն 4556 հանցագործության դեպք ունենք: Պարզ տեսնում ենք, որ շեշտակի կերպով հինգ անգամ աճել է հանցագործությունների թիվը: Պետք է հանցագործության համար նախատեսված պատիժները խստացնենք, որպեսզի նաեւ պատժի խստությունը բերի կանխարգելման:

-Թմրանյութ օգտագործողների՞ն, թե՞ վաճառքով զբաղվողներին է սա վերաբերում:

-Ես առաջարկում եմ խստացնել պատիժը թե՛ թմրանյութի ապօրինի շրջանառություն իրացնելու համար, թե՛ պարզապես մարդու մոտ թմրանյութ հայտնաբերելու դեպքում, եթե նույնիսկ փորձաքննությունը պարզի, որ մարդը դա չի յուրացնում: Իրացնելու նպատակով թմրամիջոցները պահելը, առաքելը, գովազդելը նախատեսում է պատիժ երկուսից-վեց տարի ժամկետով, որն առաջարկում եմ դարձնել հինգից-ութ տարի: Նույն արարքը խմբի կազմով կամ խոշոր չափերով  կատարելու դեպքում այժմ նախատեսվում է պատիժ չորսից-ութ տարի ժամկետով, իսկ ես առաջարկում եմ այն դարձնել ութից-տասներկու տարի:

Խստացնող դրույթների մեջ նախատեսում եմ ավելացնել եւս մեկ կետ. տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման դեպքում պատժի վերաբերյալ, օրինակ՝ տելեգրամյան ալիքները: Սրա համար նախատեսում եմ՝ ավելի խիստ պատիժ սահմանվի, իսկ երրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցանքի իրագործման դեպքում վեցից-տասներկու տարի ժամկետը փոխել եւ սահմանել քսան տարի կամ ցմահ ազատազրկում: Քանի որ խոշոր չափերով թմրանյութի տարածումն ու իրացումը կարող է մեծ թվով մարդկանց կյանք խլել: Սա, կարծում եմ, պետք է խստացնենք՝ հավասարեցնելով մարդկանց դիտավորյալ կյանքից զրկելու հոդվածին՝ սահմանելով առավելագույն պատիժ:

-Այս պահին ո՞ւմ հետ են քննարկումներ տեղի ունենում:

-Աշխատանքային կարգով ուղարկել եմ Կառավարության գործընկերներին, սակայն նախատեսվում է նաեւ աշխատանքային քննարկում Ազգային ժողովում, որից հետո օրենքի նախագիծը վերջնական տեսքի կբերեմ եւ կդնեմ շրջանառության մեջ:

-Հավանաբար, արդեն 2025 թվականին կլինի:

-2025 թվականի սկզբին Ազգային ժողովում արդեն կքննարկենք օրենքի նախագիծը. սկզբում՝ հանձնաժողովում, եւ հետո արդեն Խորհրդարանի նիստերի դահլիճում:

Կան նաեւ պատգամավորներ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցելու, նաեւ համահեղինակելու նախագիծը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 




Լրահոս