ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՓԱԹԵԹՆ ԸՆՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

 

Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5:

Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթերցմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշել է, որ առաջին ընթերցման ընթացքում ԲՏԱ նախարարությունը մի շարք առաջարկություններ է ստացել պատգամավորների, ինչպես նաեւ տեխնոլոգիական համայնքի գործընկերների կողմից՝ նախագծերի փաթեթում բովանդակային մի շարք փոփոխություններ կատարելու համար, որոնց զգալի մասն ընդունվել եւ. ներառվել է օրինագծերի փաթեթում։ Նախարարն ընդգծել է, որ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծից հանվել է տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը մինչեւ 30-31 եւ ավելի, տարբերակելու ու կարգավորելու քանակները.

«Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո՝ օրենքում փոքր եւ մեծ ընկերություններ սահմանումներ չեն լինելու։ Սա նշանակում է, որ այն մոտեցումները, որոնք նախապես՝ առաջին ընթերցման ժամանակ, սահմանված էին առանձին ռեժիմներով փոքր եւ մեծ ընկերությունների համար, չեն գործի, այլ կլինի համահարթ մոտեցում։ Հետեւաբար, բոլոր կարգավորումներն ու գործիքները, որոնք առաջարկում ենք, հարկավոր է դիտարկել համահարթ մոտեցման տրամաբանության մեջ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Մասնագիտական. աշխատանք կատարող կադրերի պատրաստման եւ վերապատրաստման դեպքում, առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին եռամսյակային կտրվածքով, տրամադրել աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն:

Նախագծում խմբագրվել է նոր աշխատողի հասկացությունը, որի արդյունքում հանվել է տարիքային շեմը:

Փոփոխություններ են իրականացվել. նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։

Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված՝ շահութահարկով հարկման նպատակով ծախսեր կատարելու սահմանափակումը նախատեսվել է կիրառել ոչ թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության հարկ վճարողներից կատարվող ձեռքբերումների մասով, այլ՝ նույն սուբյեկտներից, միայն բարձր տեխնոլոգիաների գործունեության տեսակների ձեռքբերումների մասով։

Փոփոխություն է կատարվել նախագծի 6-րդ հոդվածում եւ սահմանվել, որ միաժամանակ ԲՏԱ եւ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու դեպքում՝ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով նվազեցումը չի կարող գերազանցել հաշվարկված շահութահարկով հարկման բազայի 50 տոկոսը։ Միեւնույն ժամանակ՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այն շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտները ստացել են բացառապես այդ աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը։

Առաջարկվում է նաեւ շրջանառության հարկի դրույքաչափը՝ 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս։

Ա. Ս.




Լրահոս