ԼՂ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։

 

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում եւ հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված եւ նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության եւ պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների եւ դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական եւ միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի եւ տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաեւ Հայաստանի եւ սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաեւ գրադարանների եւ թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարեւորել է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը եւ ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող եւ հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռեւս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել եւ ներկայացել աշխարհին: Թեեւ անվանի հայ եւ որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, եւ միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետեւաբար, այս ծրագիրը կարեւոր է նաեւ հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ եւ արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաեւ դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74.000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը եւս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար:

 

 




Լրահոս