ՀԱՅՏՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ ԿԱ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում «պադավատապետությունը», ի դեմս Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի, ապացուցված է։

Նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել էր տեսանյութ եւ գրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը, ինչպես սիրում էր հեղափոխության ժամանակ ասել, նշեց, որ ծառայողական մեքենաները կրճատելու են եւ վերջ դնեն «պադավատապետությանը», եւ սա արվում է բյուջեի գումարներն անիմաստ չմսխելու համար։

Նիկոլ Փաշինյանի պայքարի ֆոնին «պադավատապետությունն» այնքան ուժգին ամրացավ, որ պաշտոնյաները սկսեցին ծառայողական մեքենաները ծառայեցնել անձնական շահի համար, ինչպես օրերս արել է ՀՊՏՀ ռեկտորը։

Բանն այն է, որ Shamshyan.com-ը գրել էր, թե դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Honda մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Հարկ է նշել, որ մեքենան գրանցված է եղել Գրիգորյանի վարորդի անունով։

Տեղեկացանք նաեւ, որ ռեկտոր Գրիգորյանը պարբերաբար պետության հաշվեկշռում գտնվող մեքենան օգտագործել է սեփական շահերի սպասարկման համար։ Սա բավական չէ՝ ոչ աշխատանքային ժամին վարելով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ին կցված մեքենան՝ վթարի էպիկենտրոնում է հայտնվել եւ վնասվածքներ է ստացել։ Ահա թե ինչ տեսք ունի հեղափոխական իշխանության «պադավատապետությունը», երբ ծառայողական մեքենայով ոչ աշխատանքային ժամին, ինչպես կասեր Փաշինյանը՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը։

Հետաքրքիր է, թե այս երեւույթին ինչպես է վերաբերվում Փաշինյանը, եւ արդյոք հայտնի ցուցակում կան նաեւ բուհերի ռեկտորները։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Մանրամասնենք. պատգամավորի մորաքույրը Նելլի Խոջումյանն է, որը Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցի տնօրենն է, իսկ որդին՝ այսինքն ՔՊ-ական պատգամավորի մորաքրոջ որդին, «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրենն է։ Ըստ մարզում տարածված լուրերի՝ պատգամավորի եղբայրը վերջերս «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունում տանուլ է տվել 4 մլն ՀՀ դրամ։ ArmLur.am-ը կապ հաստատեց Կապս գյուղի դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, վերջինս մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ առաջին անգամ է լսում այդ մասին: ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ՝ կրկին մեկնաբանություն ստանալու նպատակով, Սարուխանյանը շատ վրդովվեց մեր հարցից ու ասաց, թե տեղեկություն չունի: «Իմ մորաքույրը հեղափոխությունից առաջ էլ է այդ դպրոցի տնօրենը եղել: Ես գիտե՞ք՝ քանի հորքուրի տղա կամ մորքուրի տղա ունեմ, ուզո՞ւմ եք բազա տրամադրեմ», – արձագանքեց նա։ Երբ կրկնեցինք, որ հարցը մորաքրոջ մասին է, որի որդին գումար է տանուլ տվել, Կարեն Սարուխանյանը ասաց, թե արդեն մեր հարցին պատասխանել է:

 

 

 

Շատերը հիշում են Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը ջանասիրաբար պաշտպանող, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Հրաչյա Մուշեղյանի կարիերայի վայրիվերումները, երբ վերջինս նախկին նախագահների քրեական գործերին զուգահեռ դարձավ ՀՔԾ-ում վարչության պետ, ապա անսպասելի լքեց պետական համակարգը։ Ահա սույն նախկին պաշտոնյան հարբած (ինչպես իր համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին), ոչ սթափ վիճակում ինքն է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր-մեղադրյալ՝ մարդկանց մահվան եւ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու դեպքով։ Ընդունում է Մուշեղյանը իր մեղավորությունը, թե ոչ, պարզ կլինի առաջիկա դատավարության ընթացքում։

 

 

 

Հեղափոխության ժամանակահատվածում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատած Արգիշտի Մեխակյանը 6 տարի անց դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ։ Նոյեմբերի 26-ին ՔՊ-ի կողմից Արմավիրի մարզպետ առաջադրված Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը երեկ Կառավարության որոշմամբ ընտրվեց Արմավիրի մարզպետ։ Մեխակյանը 2007 թվականից աշխատել է տարբեր գերատեսչություններում։ Սկզբում աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական եւ այդպես շարունակ։ Իսկ 2017-2018 թվականներին՝ հեղափոխության ժամանակ, եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի մենեջեր։ Հաղթական «թավշյա հեղափոխությունից» հետո Մեխակյանը միանգամից 2018 թվականի օգոստոսից միչեւ 2019 թվականի հունվար զբաղեցրեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեխակյանը եղել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ մինչ մարզպետ դառնալը եղել է Խոյ համայնքի համայնքապետ։ Արգիշտի Մեխակյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր ներկայացրել է որպես Խոյի համայնքապետ։ Հայտարարագրի համաձայն՝ Մեխակյանն ունի մեկ անհատական բնակելի տուն Վաղարշապատ համայնքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Հայտարարագրել է մեկ Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել են 100 հազար դրամով՝ 1 մլն դրամից դարձել են 900 հազար դրամ։ Արգիշտի Մեխակյանի՝ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 358 հազար դրամ, որից 6 մլն 43 հազարը աշխատանքի վարձատրություն է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից։

 




Լրահոս