Բագրատ Սրբազանը խոսել է Սրբազան շարժման առաջիկա անելիքների մասին:
Մեզ հետ զրույցում Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանը, թե ընդդիմության օրակարգը Նիկոլ Փաշինյանի հեռանալը չէ, ինչպես նաեւ խոսել է ՔՊ-ում կատարվող վերջին իրադարձություններից:
-Սրբազա՛ն հայր, ի տարբերություն իշխանությունների, որ ամեն օր նոր օրակարգ են բերում, շարժումը, կարծես, վերջին շրջանում բավականին պասիվ է: Ինչո՞վ է պայմանավորված, որ հավաքներ եւ ակցիաներ չեն իրականացվում:
-Եթե փողոցում ակտիվ ներկայության մասին է խոսքը, ապա դա ուրիշ հարց է, բայց շարժումը շատ ակտիվ ծավալում է՝ իր գործունեությունը թե՛ հանդիպումներով, թե՛ ծրագրով: Մենք պարզապես ցանկանում ենք որոշակիացնել այն ամենն ինչ ունենք մեր մտքում՝ որպես մարտավարություն:
Արդեն մի քանի անգամ նշել եմ այդ մասին. երբ դուրս գանք փողոց, պետք է վերջացնենք ամեն բան:
-Իսկ ե՞րբ եք նախատեսում կրկին դուրս գալ փողոց: Վերջերս հայտարարեցիք, որ կրկին փողոց եք դուրս գալու, սակայն չնշեցիք, թե հստակ երբ եւ ինչ օրակարգով:
-Դա հավիտենական հարց է, չէ՞: Օրակարգը մեկն է՝ հեռացում, չարիքի հեռացում: Դուք ամեն օր ականատես եք՝ հատկապես հոգեւոր, բարոյական եւ արժեքային իմաստով ինչպիսի կազմաքանդման եւ քայքայման է ենթարկվում մեր պետությունը: Եվ, բնականաբար, օրակարգը չարիքի հեռացումն է: Դրա իրականացման համար բավականին լուրջ ծրագրված քայլեր պետք է լինեն, որի մասին խոսելը դեռ վաղ է:
-Իսկ կա՞ հստակ օր, որ կարող եք նշել մեկնարկի համար:
-Այս պահին հստակ նշել չեմ կարող, բայց մեր մտքում կա:
-Իսկ ո՞ւմ հետ եք այս օրերին քննարկումներ ունենում:
-Մեր ակտիվների, ժողովրդի, եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ տարբեր շրջաններում: Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց տարբեր խմբեր, հենց իրենց նախաձեռնությամբ, գալիս են հանդիպելու եւ քննարկումներ ունենալու: Դա ավելի մեծ ուրախություն է:
-Սրբազա՛ն հայր, մինչ դուք ծրագրերի իրականացման փուլում եք, իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, միգուցե ինչ-ինչ զարգացումներով՝ արտահերթ ընտրությունների, նման օրակարգ դուք ունե՞ք:
-Ես չգիտեմ՝ իրենք ինչ են պատրաստվում, սակայն այն, ինչ այսօր է կատարվում, ո՛չ հերթական, ո՛չ էլ արտահերթ ընտրությունների հետ կապ չունի: Պարզապես փտածությունը այն աստիճանի է հասել, որ ստիպված են որոշ քայլերի գնալ, քանի որ այլեւս չեն կարող թաքցնել: Հիմա դրանով եթե կփորձեն ներկայացում անել, միեւնույնն է, նկատելի է, որ սուտ է: Առաջին հերթին՝ պարզապես անհնար է թաքցնել այդ վիճակը:
Երկրորդ՝ մամուլում հայտնվեց թմրանյութերի օգտագործման մասին նյութ, որին հավելել եմ, որ ոչ միայն նշված անունների անձինք, այլեւ իրենց «գլխավորն» է պարտավոր գնալ՝ թեստ հանձնելու, որովհետեւ իրենց վարքագիծը ողջամիտ կասկածներ է առաջացնում: Մեկ-երկու անգամ մամուլում նման նյութերի հայտնվելուց հետո արագ կասեցվեց դա՝ դաշտ բերելով այլ թեմաներ, որոնք պարզապես քննարկվում են:
Հիմնական թեմա կա՝ իրենց վարքը, կենցաղը եւ այն ամենն ինչի մեջ ներգրավված են:
Երրորդը՝ ինչի մասին մի անգամ էլ եմ խոսել. մեր մտքերի մեջ սրանց անպարտելի լինելու միֆը պետք է մի կողմ թողնենք: Այդ միֆը նրանք են փորձում ներշնչել մեզ, իսկ մենք խայծը կուլ ենք տալիս:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԷԼԻ «ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մեղադրյալների շարքն ընդլայնվում է։ Թիմից արտահոսք կազմակերպածները Նիկոլ Փաշինյանի մոտ էլի անուններ են հնչեցրել։
Այսպիսով՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ, Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվեց պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկության արտահոսքերի, ինչպես նաեւ բարոյական նորմերի խախտման համար։
ՔՊ վերնախավը՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, մեկը մյուսին հերթ չտալով, խոսում էին, թե շոկի մեջ են Աղազարյանի մասին բացահայտումներից, ամաչել են, թե ինչեր են կարդացել, ինչ են բացահայտել Հովիկ Աղազարյանի մասին։
ՔՊ-ականները, սակայն, այդպես էլ չէին հստակեցնում, թե ինչ «շոկային բացահայտումներ» են արել, եւ այդ ինչ արտահոսք է թույլ տվել Հովիկ Աղազարյանը, որի համար հեռացվեց ՔՊ-ից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի մոտ, Հովիկ Աղազարյանից բացի, էլի մեղադրյալների անուններ են հնչեցվել, ովքեր կասկածվում են թիմից արտահոսք կազմակերպելու համար։ Թե ովքեր են՝ դեռ անուններ չի նշվում, բայց Նիկոլ Փաշինյանը ուշիուշով հետեւում է իր թիմակիցներին, որպեսզի հարմար պահի նրանց նույնպես պատժի։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ