ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ԱՂԱԶԱՐՅԱՆԸ՝ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար։

Քննարկվել են նաեւ այլ հարցեր։

Ասել է թե՝ Աղազարյանին մեղադրում են պետական գաղտնիքի արտահոսքի մեջ: Գլխավոր դատախազությունում ՔՊ-ի հայտարարությունից մինչ օրս քննարկում են՝ քրեական վարույթ նախաձեռնել, թե ոչ, ու մինչ Գլխավոր դատախազությունը լռում է կամ սպասում է հրահանգի՝ «հարուցել, թե ոչ», տեսնենք, թե ինչ է նախատեսում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված 427-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը.

  1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետեւանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան ներկայացրել է, թե ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել իր մոտ։

Նրա խոսքով՝ Աղազարյանի հեռախոսն առգրավվել է անկախ մարմնի կողմից, որն էլ օրենքով սահմանված կարգով, ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով, քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի. «Երբ այդ մարմինը, հանձնարարականը կատարելու ընթացքում, բախվել, հանդիպել է տեղեկությունների, որոնք պարունակում են պետական անտվանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, եւ պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետին»։

Ըստ Փաշինյանի, երբ ՀՀ վարչապետի սեղանին նման տեղեկություններ են հայտնվում, նա տեղեկություններով կիսվել է օրենքով նման իրավասություն ունեցող անձանց հետ:

«Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական եւ այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- նշել էր Փաշինյանը։

 




Լրահոս