Այսօր Սպիտակի երկրաշաժի 36-րդ տարին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:

36 տարի է անցել այն օրից, երբ առավոտյան՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց, իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեց ամենատխուր էջերից մեկը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժ։

Էպիկենտրոնից հարյուր կիլոմետր հեռավորությամբ բնակվողներն անգամ զգացին, որ աղետալի ինչ-որ բան է կատարվում: Սակայն արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպե հետո:

Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚ որտեղ ապրում էր 1 միլիոն բնակիչ, ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

Աղետալի երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու:
Կարճ ասած՝ երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը:

Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ:

Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս