Առաջնորդարանը կոչ է անում Սիրիայի հայերին բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային առաջնորդարանը կոչ է անում Սիրիայում ապրող հայերին զուսպ և զգուշավոր լինել տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում և բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։

Առաջնորդարանը նշում է, որ Սիրիայում հայ համայնքը միշտ եղել է և պետք է մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարողը, երկրի տարածքային ամբողջականության և սիրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագովը՝ շեշտելով՝ սիրիահայությունը համատեղ աշխատանքով պիտի շարունակի աջակցիլ Սիրիան վերականգնելու բազմաբնույթ աշխատանքներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան զինված խմբավորումները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ընդդիմադիրները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը Դամասկոսը լքելուց հետո կարող էր զոհված լինել ավիավթարից։ Սակայն երկիրը լքելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։




Լրահոս