Աղետից տուժածները դեռ սպասում են գումարային աջակցության․ ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-26-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղը մեծ ավերածություններ առաջացրեց։ Հատկապես մեծ վնասներ են կրել Ալավերդի քաղաքը և Քարկոփ բնակավայրը։ Հեղեղից տուժած բնակավայրերը Կառավարությունն աղետի գոտի հայտարարեց։

Աղետից տուժել են շատ տեղացիների մեքենաներ, բնակարաններ, գույք, ինչի համար էլ պետության կողմից նախատեսված է եղել փոխհատուցում տուժածների համար։

ArmLur.am-ը բազմիցս է այս թեմային անդրադարձել, փորձել պարզել՝ փոխհատուցում ստացե՞լ են տուժած անձինք, թե ոչ։

Աղետի օրվանից անցել է գրեթե 7 ամիս։ ArmLur.am-ը այս անգամ ևս փորձեց պարզել՝ ստացե՞լ են փոխհատուցումները տուժածները։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանի հետ։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ փոխհատուցում վաղուց է տրվում տուժածներին և կան փոխհատուցման մի քանի տեսակներ։

«Փոխհատուցում վաղուց է տրվում, գործընթացը շարունակվում է։ Մենք ունենք փոխհատուցման տեսակ, որի արդեն չորրոդ փուլն է եղել։ Խոսքը բնակարանների վերանորոգման փոխհատուցման մասին է։ Առաջիկայում սպասվում են գյուղատնտեսության հետ կապված, տնտեսվարողների հետ կապված փոխհատուցումներ։ Տրանսպորտային միջոցների փոխհատուցումներն ամբողջությամբ տրված են»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Լոռու մարզպետը նաև հավելեց, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 174 մարդու 70 միլիոն դրամից ավել գումար է հատկացվել, որպես գյուղատնտեսական վնասների փոխհատուցում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս