Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ։ Այս մասին հայտնում է «Գանձասար» օրաթեթրը։
Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը:
«Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», – ասաց Աշգարյանը։
Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան զինված խմբավորումները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ընդդիմադիրները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը Դամասկոսը լքելուց հետո կարող էր զոհված լինել ավիավթարից։ Սակայն երկիրը լքելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։
«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։