Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ Հայաստանը իրական աջակցություն չի ստացել այդ դաշինքից, երբ վերջին տարիներին Հայաստանը ենթարկվել է հարձակումների, խախտվել են երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին։
«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։
Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է Արարատ Միրզոյանը: