Երևանի քաղաքապետարանը ամանորյա եռուզեռի և նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Տարբեր վարչական շրջաններ արդեն իսկ պատրաստվում են ամանորյա տոնական միջոցառումներին՝ դրանց հետ մեկտեղ ապահովվելով տարբերվող և յուրօրինակ զարդարանքներով։
Հենց նման նախաձեռնության շրջանակում էլ Արաբկիր վարչական շրջանի ամանորյա ծառայությունների ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 15 մլն 939 հազար դրամ։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի և Ստեփան Կույումջյան Միհրանի ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի՝ գնման առարկա է հանդիսանում Արաբկիր վարչական շրջանի տարածքի ձևավորումը` Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝
1. Վ.Դավթյանի անվան այգու մուտքը Կոմիտասի պողոտայի կողմից կամարի տեսքով լուսավորել՝ վրան տեղադրելով տոնին համահունչ գրառում: Այգու կենտրոնական մասում 20 հատ ծառ ամբողջովին զարդարել՝ գեղեցիկ լուսավորությամբ, որը կպարունակի տոնածառի խաղալիքներ:
2. Իրականացնել Նոր Արաբկիր զբոսայգու մուտքի գեղեցիկ զարդարում՝ կամարաձև լուսավորություն և տոնին համահունչ գրառում: Այգու կենտրոնական մասում 30 հատ ծառ ամբողջովին զարդարել՝ որը կպարունակի տոնածառի խաղալիքներ։
3.Քանաքեռ ՀԷԿ-ի այգու կենտրոնական հատվածում ամբողջովին լուսավորել 10 ծառ տոնածառի լույսերով, որը կպարունակի տոնածառի խաղալիքներ:
4. Կասյան-Բաղրամյան-Վազգեն առաջին Կաթողիկոս էստակադայի ամբողջ երկայնքով ամանորյա լույսերի մոնտաժում և ապամոնտաժում՝ կամարի տեսքով, որի համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 20․000 մ երկարությամբ լույսեր։
5. Բաղրամյան պողոտա և Օրբելի եղբայրներ փողոցների հատման մասում տոնի խորհրդին համապատասխան շքեղ լուսային ձևավորում՝ պետք է տեղադրվի 4 մ տրամագծով գունդ՝ տոնածառի խաղալիքի տեսքով, որն ամբողջությամբ պատված լինի լույսերով։
6. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրի հարակից եղևնիները պետք է ամբողջովին զարդարվեն լույսերով։
7. Ազատության պողոտայի Ազատություն – Կոմիտաս պողոտաների խաչմերուկից (Լամբադա կամուրջ) մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմացի հասարակական տրանսպորտի կանգառ, ծառերի բները 2մ բարձրությամբ զարդարվում է փաթաթվող տոնածառային լույսերով:
Շարքը կարելի է շարունակել, սակայն հետաքրքիրն այն է, որ համաձայն պայմանագրի՝ ողջ զարդարանքի դիզայնը և գույների համադրությունը պետք է համաձայնեցնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ:
Տոնական զարդարանքների ամրացման աշխատանքները սկսել է դեկտեմբերի 6-ից և ավարտվելու է դեկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ 2 մլն դրամ Երևանի քաղաքապետարանը հատկացրել էր Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար, իսկ 5 մլն դրամ էլ հատկացվել էր Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար։
Մանրամասներրը՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան