2000 դոլարի դիմաց պետական կառույցներում աշխատանքի տեղավորելու գործընթաց է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վիգեն Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ Մանվել Մաթևոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու դիմաց, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում Մանվել Մաթևոսյանի հորից՝ Միհրդատ Մաթևոսյանից, անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 819.876 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, դարձյալ Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ Էդգար Ծատուրյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու հարցը լուծելու շուրջ Էդգար Ծատուրյանի ազգական՝ Միհրդատ Մաթևոսյանի հետ ունեցած քննարկումների ու սակարկությունների արդյունքում, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին անձամբ պահանջել և Միհրդատ Մաթևոսյանից 2 չափաբաժնով՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում և 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 834.751 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, ՀՀ ՊՆ Ն զորամասի 4 րդ գումարտակի շտաբի պետ Տիգրան Գասպարյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Սիսիան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի որևէ զորամաս տեղափոխելու համար, 2021 թվականի ամռանը՝ քննությամբ չպարզված օրը, Էջմիածին քաղաքում Տիգրան Գասպարյանից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերով 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 998.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:

Բացի այդ, Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ, այն է՝ վերջինիցս տեղեկանալով, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի օղակի հրամանատար Գոռ Համբարձումյանի ազգական Թաթուլ Գևորգյանն ապօրինի վարձատրության դիմաց ցանկանում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում աշխատանքի ընդունվել, Թաթուլ Գևորգյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում նրան աշխատանքի ընդունելու դիմաց, անձամբ պահանջել և 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում, Էջմիածին համայնքի Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարակից հատվածում, Գոռ Համբարձումյանի ներկայությամբ Թաթուլ Գևորգյանին պատկանող «Հյունդայի Սոնատա» մակնիշի 97 GG 100 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում նրանից ստացել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:

Քնար Մանուկյան




Լրահոս