Մեղադրանք է առաջադրվել Երեւանի թիվ 1 տարածքային զորակոչի պետին. զինվորի են փորձել բանակից ազատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վարդան Հովհաննիսյանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետի պաշտոնը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իրավադրույթների ուժով հանդիսացել է հանրային ծառայող, հետևաբար՝ պաշտոնատար անձ և ի պաշտոնե լիազորված է եղել կազմակերպել քաղաքացիների զիվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի գործընթացի իրականացման աշխատանքները: Վարդան Հովհաննիսյանը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Արտուշ Սարգսյանի օժանդակությամբ զորակոչիկներ Վլադ Թադևոսյանի, Գեղամ Գալստյանի և Հարություն Ենգիբարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի չպարզված անդամների միջոցով զորակոչիկների համար ցանկալի բժշկական ախտորոշումներ ստանալու և դրանց հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառքներ:

Արտուշ Գարուշի Սարգսյանը խորհուրդներ, ցուցմունքներ և տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զորակոչիկներ Վլադ Թադևոսյանի, Գեղամ Գալստյանի և Հարություն Ենգիբարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ բժշկական հաստատությունների և կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով զորակոչիկների համար ցանկալի բժշկական ախտորոշումներ ստանալու և դրանց հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար, Արթուր Թադևոսյանի, Գեղամ Գալստյանի և Կարապետ Ենգիբարյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանին կաշառք տալուն և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափելու փորձ կատարելուն, ինչպես նաև տարկետում ստանալուն:

Գեղամ Գալստյանը հանդիսանալով ըմբշամարտիկ և նախկինում սպորտի բնագավառում ունենալով նվաճումներ, երկու անգամ երեք տարի ժամկետով ստացել է տարկետումներ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից և ցանկանալով կաշառքի դիմաց ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, դիմել է իր մտերիմ Լաերտ Դավթյանին և վերջինիս միջոցով 2024 թվականի մայիսի 11-ին ծանոթացել է Արտուշ Սարգսյանի հետ: Արտուշ Սարգսյանը տեղեկանալով, որ Գեղամ Գալստյանը ցանկանում է կաշառքի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, խոստացել է օժանդակել վերջինիս և հայտնել, որ դրա համար պաշտոնատար անձին պետք է տալ կաշառք, ինչին Գեղամ Գալստյանը համաձայնել է։ Դրանից հետո, 2024 թվականի մայիսի 11-ին Արտաշատ քաղաքում հանդիպելով Գեղամ Գալստյանին, Արտուշ Սարգսյանը պահանջել է վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը, դրանք իրավասու պաշտոնատար անձանց ներկայացնելու նպատակով։ Այնուհետև, Արտուշ Սարգսյանը Գեղամ Գալստյանին կաշառքի դիմաց զինվորական ծառայությունից ազատելուն օժանդակելու նպատակով, 2024 թվականի մայիսի 13-ին հանդիպել է իր մտերիմ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանին և վերջինիս է ներկայացրել Գեղամ Գալստյանի վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո Վարդան Հովհաննիսյանը, տվել է իր համաձայնությունը Գեղամ Գալստյանի բանակից ազատման հարցն իր ուշադրության կենտրոնում պահելու վերաբերյալ։

Հարություն Ենգիբարյանը կատարելով Արտուշ Սարգսյանի ցուցումները և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության սիմուլիացիայի եղանակով ազատվելու դիտավորությամբ ձևացրել է սրտի հիվանդություն, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը ավարտին չի հասցրել, քանի որ 2024 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ թիվ 1 տարածքային ստորաբաժանումում անցնելով կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետազոտություն, վերջինիս տրվել է «Սրտի եռփեղկ փականի անբավարարություն՝ երկրորդ աստիճան: Միտրալ փականի անբավարարություն՝ առաջին աստիճան» ախտորոշում և ՀՀ կառավարության 404-Ն որոշման 26-րդ հոդվածի գ կետի համաձայն՝ Հարություն Ենգիբարյանը ճանաչել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Արթուր Վլադիմիրի Թադևոսյանը ընկերոջից՝ Լևոն Դանիելյանից տեղեկանալով, որ Արտուշ Գարուշի Սարգսյանն իր կապերն օգտագործելով և պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարողանում է զորակոչիկներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, որդուն՝ Վլադ Թադևոսյանին պարտադիր զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելուն նպաստելու համար դիմել է Արտուշ Սարգսյանին և նշվածի վերաբերյալ վերջինիս հետ ձեռք է բերել պայմանավորվածություն: Այնուհետև, 2024 թվականի ապրիլի 6-ից Արտուշ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում ընդունել է Արտուշ Սարգսյանի առաջարկը՝ որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար պաշտոնատար անձին կաշառք տալու վերաբերյալ:

Քնար Մանուկյան




Լրահոս