Փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ ՆԳ նախարարին․
«2024թ. փետրվարին Վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կատարված լրացմամբ օրենսդիրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու նախապայման էր սահմանել դրանց վարչական՝ վերադասության կարգով բողոքարկելը:
Ակնհայտ է, որ օրենսդիրը այդ կերպ փորձել է որոշակիորեն թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը՝ սահմանելով նախքան իրավունքի դատական պաշտպանության դիմելը վարչական կարգով բողոքների քննարկման նախնական պարտադիր օղակ: Բայց ցավոք օրենքի գործնական կիրառությունը բավարար չափով չի նպաստել և այսօր էլ չի նպաստում օրենսդրի կամքի ու նպատակի իրագործմանը:
ՀՀ-ում երևի ամեն օր վարչական ու դատական կարգով բողոքարկվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր վարչական ակտեր: Հաշվի առնելով բազմաթիվ վարչական իրավախախտումների կրկնությունը և դրանց կապակցությամբ իրականացված վարչական վարույթների բովանդակային նույնությունը, վարչական դատարանները դրանց առնչությամբ ձևավորել են նաև բավականին հարուստ դատական նախադեպային պրակտիկա: Այդուհանդերձ վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկումը գերազանցապես կրում է ձևական ու ընթացակարգային բնույթ՝ հետապնդելով միայն վարչական դատարան դիմելու իրավաչափությունն ապահովելու նպատակ: Վարչական մարմինները մասսայաբար մերժում են գանգատները՝ ձեռքի տակ ունենալով նույն հիմնավորումներով վարչական դատարանի հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարների հասնող որոշումներ: Վարչական բողոքները մերժվում են նույնիսկ այն դեպքերում, երբ նույն բողոքներում վկայակոչվում են վարչական դատարանների համապատասխան դատական ակտերը և գրեթե անկասկած է լինում հետագայում վարչական դատարանի կողմից բողոքի բավարարումը: Երբեմն դա արվում է այն աստիճան ակնհայտ ու ապօրինի, որ նույնիսկ կարելի է համապատասխան պաշտոնատար անձի արարքում առերևույթ նկատել պաշտոնեական հանցանքի տարրեր:
Այս մոտեցումը պետք է ամբողջությամբ վերանայվի ու բացառվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատանքում: Վերադաս վարչական մարմինները պետք է առավելագույնը անեն՝ վարչական բողոքը դատարան հասնելը բացառելու համար: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրումը հետապնդում է ոչ միայն վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակ, այլև կոչված է նպաստելու քաղաքացու կողմից իր իրավունքի արտադատական պաշտպանությանը՝ զերծ պահելով նրան դատական համեմատաբար ավելի բարդ գործընթացներից, մինչդեռ օրենքի գործնական կիրառությունը, փաստորեն, այդ նպատակներից ոչ մեկը պատշաճորեն չի ապահովում:
Հուսով ենք այս խնդիրը դուրս չի մնա ՀՀ Ներքին գործերի նորանշանակ նախարարի ուշադրության տիրույթից և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր պրակտիկան վերանայելու և բարելավելու ուղղությամբ»: