ArmLur.am-ը գրել էր, որ Ապրես Անդրանիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, զբաղեցնելով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը, երկու դեպքում տարեկան հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ և թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ։ Ի դեպ՝ նախկին դատախազի շուրջ ուշագրավ իրավիճակ էր ստեղծվել ու այս նոր մեղադրանքը խիստ կասկածների տեղիք է տալիս։
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը՝ նախկին դատախազի վերաբերյալ դատարան ուղարկված գործի առնչությամբ․
«Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հաստատել է հայտարարատու պաշտոնատար անձի՝ նախկին դատախազի, վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ հայտարարատու պաշտոնատար անձը, զբաղեցնելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնը, երկու դեպքով տարեկան հայտարարագրերում ներկայացրել է կեղծ տվյալներ և թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ: Բացի այդ, թիվ ՎԴ/6209/05/23 վարչական գործով դատարան է ներկայացրել կեղծ ապացույց:
Մասնավորապես՝ կարգապահական տույժի արդյունքում աշխատանքից ազատված նախկին պաշտոնատար անձը, իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտերը կասեցնելու մասին միջնորդությունը Վարչական դատարանի կողմից մերժվելուց հետո, դրանք բեկանելու հիմքեր ստեղծելու նպատակով, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարից ձեռք է բերել կեղծ տեղեկանք այն մասին, թե իբր Մրգաշատ բնակավայրի համապատասխան հասցեում իր հետ համատեղ բնակվում են հայրը, մայրը, քույրը, որ ընտանիքում հիմնական աշխատանք միայն ինքն ունի և միայն ինքն է հոգում ընտանիքի հոգսն այն դեպքում, երբ նրա կինը, քույրն ու հայրն աշխատել են և ստացել կայուն եկամուտ:
2023 թվականի օգոստոսի 28-ին Վերաքննիչ վարչական դատարան ներկայացրած վերաքննիչ բողոքում նախկին դատախազը կցել է վերոնշյալ՝ կեղծ ապացույց հանդիսացող տեղեկանքը:
2023 թվականի հոկտեմբերի 11-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է նախկին դատախազի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտի դեմ նախկին դատախազի կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մայիսի 24-ին բավարարել է բողոքը, հիմք ընդունելով կեղծ ապացույց հանդիսացող տեղեկանքը՝ վերացրել է Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը:
Դատախազը 2024 թվականի հուլիսի 20-ին նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), գործող 444-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը) և 479-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ ապացույցներ ներկայացնելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսված դատախազ Ապրես Գրիգորյանը, որին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գաղտնալսումից հետո աշխատանքից հեռացրեց, դատարանում հաղթել է Աննա Վարդապետյանին:
Այս տարվա՝ 2024 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարանը բավարարել է Ապրես Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ պետք է վերացվի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 11.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, եւ կայացվի նոր դատական ակտ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2023 թվականի որոշումը եւ Ապրես Գրիգորյանի միջնորդությունը բավարարել՝ կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին» որոշման եւ 14.07.2023 թվականի «Կոտայքի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ 313-Ա հրամանի կատարումը: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»:
Այսպիսով՝ գլխավոր դատախազը ստիպված է կատարել դատարանի վճիռը եւ գաղտնալսված դատախազին հետ ընդունել աշխատանքի:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի դատախազության՝ արդեն նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի եւ մեկ այլ դատախազի աշխատասենյակում ամիսներ առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել, նրանց ձերբակալել, ապա բաց էր թողել։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դատախազ Աննա Վարդապետյանին հայտնել է ԱԱԾ-ում իրեն խոշտանգելու մասին, իսկ Վարդապետյանը խոշտանգման մասին դատախազի հաղորդումն ուղարկել է ԱԱԾ, այսինքն՝ այն նույն մարմին, որտեղ, ըստ Գրիգորյանի, իրեն խոշտանգել են։
Արդյունքում՝ գաղտնալսված ու խոշտանգված դատախազներին ազատեցին պաշտոնից, իսկ ահա Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը ազատվեց պաշտոնից այն բանի համար, որ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձել էր Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։
«Գլխավոր դատախազը ե՞րբ է գաղտնալսված ու խոշտանգված դատախազին ընդունելու աշխատանքի՝ կատարելով դատավճիռը»։ Ուշագրավն այն է, որ այս ամենից հետո Ապրես Գրիգորյանին մեղադրանք են առաջադրել։
Քնար Մանուկյան