Իսրայելի գործողությունները Գոլանի բարձունքներում և բուֆերային գոտում հազիվ թե նպաստում են Սիրիայում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, հարվածներ հասցնելը, Գոլանի բարձունքների շրջանում, բուֆերային գոտում գործողությունները հազիվ թե նպաստում են իրավիճակի կայունացմանը առանց այն էլ ապակայունացված Սիրիայում», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կցանկանար տեսնել Սիրիայում իրավիճակի արագ կայունացում, որպեսզի արդյունքում լինեն «իրավիճակն օրինական հուն տեղափոխելու որոշ հեռանկարներ»։
Օրերս Իսրայելի զինվորականները դիրքեր են գրավել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում՝ Սիրիայում իշխանափոխության մասին լուրերի ֆոնին։ Իսրայելի իշխանությունները սա անվանել են ժամանակավոր միջոց։
Բացի այդ, դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանության տապալումից ի վեր Իսրայելը շարունակ հարվածներ է հասցնում երկրի ռազմավարական օբյեկտներին։ Իսրայելի բանակը հայտարարել է վերջին 48 ժամում Սիրիայում 480 հարված հասցնելու մասին։ Իր հերթին «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ն այս օրերի ընթացքում արձանագրել է Իսրայելի կողմից 352 ավիահարված Սիրիայի 13 նահանգներում։