Դեկտեմբերի 11-ին Երևանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ և հյուրեր: Քննարկումներին հեռավար ձևաչափով մասնակցել են նաև Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը, Թուրքիայի, Ալբանիայի և Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Ալեն Սիմոնյանը: Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: 2024 թվականի մայիսի 14-15-ը Տիրանայում կայացած գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստի արձանագրության և խորհրդարանական վեհաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվության հաստատումից հետո քննարկվել են ֆինանսական հարցեր՝ կապված կառույցի՝ 2025 թվականի բյուջեի հետ:
Այնուհետև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, իսկ Սևծովյան Առևտրի և զարգացման բանկի գործունեության մասին խոսել է բանկի նախագահ Սերհաթ Քոքզալը: Նիստում հիմնական քննարկումները ծավալվել են «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը փաստել է, որ քննարկվող հարցը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ մեր երկիրն ավելի քան 30 տարի շրջափակման մեջ է:
«Սահմանների բացումը կնպաստի Հայաստանի տնտեսական գործունեության զարգացմանը՝ արտահանումների և ներմուծումների, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ակտիվացման միջոցով: Սահմանների բացումն ուղղակիորեն տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Մենք այս նախաձեռնությունը ներկայացրել ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին և կարող ենք վստահությամբ ասել, որ նախաձեռնության վերաբերյալ բոլորի վերաբերմունքը դրական է»,-ընդգծել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ սահմանների բացումը կնպաստի նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանումների և ներմուծման ծախսերի կրճատմանը:
Վերջինս իր հերթին լայն հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար՝ Հայաստանը դարձնելով գրավիչ տարանցիկ երկիր: Զեկուցողն անդրադարձել է եւս մեկ ուղղության. զբոսաշրջության ոլորտը կարող է դրական ազդեցություն ունենալ սահմանների բացման վրա:
«Մենք չենք ուզում ունենալ փակ տնտեսություն և փակ սահմաններ մեր հարևանների հետ»,- խոսելով սահմանների բացման հարցում ռիսկերի մասին՝ փաստել է զեկուցողը:
Բաբկեն Թունյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ ամրապնդելու տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը՝ որպես մեր հավաքական անվտանգության ռազմավարության անկյունաքար:
«Վստահ եմ, որ խաղաղությունը, ինչպես նաև համագործակցությունը, չափազանց կարևոր են տնտեսական զարգացման համար: Մյուս կողմից տնտեսական համագործակցությունն ու ինտեգրումը չափազանց կարևոր են տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,- վստահեցրել է հայկական պատվիրակության ղեկավարը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա մարտահրավերները:
Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Հունաստանի, Թուրքիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Քննարկվել են աշխարհում տեղի ունեցող հակամարտություններին ու հումանիտար աղետներին վերաբերող հարցեր: Արտագաղթի տեմպերի համատեքստում անդրադարձ է եղել փախստականների խնդրին: Մասնակիցները կարևորել են սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորումը, սահմանների ապաշրջափակումը:
Սահմանների բացումն արժևորվել է առևտրաշրջանառության, գործարար կապերի ակտիվացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների խթանման առումով: Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ֆատիհ Դոնմեզը, ով նիստին մասնակցում էր առցանց ձևաչափով, անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարևորել սահմանների բացումը, վերահաստատել, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը եւս կարևորել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը և հույս հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի՝ նպաստելով տարածաշրջանի զարգացմանը: Այնուհետև օրակարգային հարցերի շրջանակում է եղել ՍԾՏՀ տարածաշրջանում փախստականների և միգրացիոն հոսքերի իրավական մարտահրավերների վերաբերյալ քննարկումը, ինչպես նաև «ՍԾՏՀ անդամ երկրներում խորհրդարանների դերը մշակութային ժառանգության պաշտպանության ամրապնդման գործում» հարցը:
Քննարկվել են նաև ՍԾՏՀ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Նիստի ընթացքում միջազգային կազմակերպությունների և խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել ՍԾՏՀ տարածաշրջանի բազմաթիվ մարտահրավերների, իրավական-քաղաքական գործընթացների, գլոբալ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
Անդրադարձ է եղել կլիմայական փոփոխությունների ու էկոհամակարգի վերափոխման հետևանքով ի հայտ եկած մի շարք բացասական երևույթներին և դրանց հաղթահարման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման կարևորությանը: Ընդգծվել է համընդհանուր հետաքրքրության հարցերի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ ՍԾՏՀ ԽՎ-ի համագործակցված աշխատանքի արդյունավետությունը: Այս համատեքստում նշվել է համատեղ նախաձեռնությունների ներկայացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին որոշվել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի հաջորդ՝ 65-րդ լիագումար նիստն անցկացնել Ադրբեջանում՝ 2025 թվականին: Նախագահությունը ռոտացիոն կարգով Հայաստանից փոխանցվել է Ադրբեջանին: