«Եթե Նիկոլ Փաշինյանն ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, վաղվանից գործի չէի գա»․ Գագիկ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ի հաջորդ թիրախը պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս խմբակցության նիստի ժամանակ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ասելով, որ նրա հետ շատ վատ են վարվել, պետք չէր անձնական նամակագրությունները հանրայնացնել։

Գագիկ Մելքոնյանի այս հայտարարությունը հունից հանել է ՔՊ վերնախավին, քանի որ Աղազարյանին պաշտպանելը հիմա ՔՊ-ում աններելի հանցանք ու դավաճանություն են համարում, ուստի չի բացառվում, որ Ասլանյանից ու Աղազարյանից հետո քավության նոխազ դառնա նաև Գագիկ Մելքոնյանը՝ «դավաճանության» մեղադրանքով։

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է պատգամավորի հետ։

-Պարո՛ն Մելքոնյան, Ձեր թիմակիցներին ասում են, որ Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից հետո հաջորդ պատգամավորը, որը խմբակցությունից հեռացվելու է՝ Դուք եք, քանի որ հանդգնել եք պաշտպանել Աղազարյանին։

-Ով է ասել նման բան, ես ո՞ւմ եմ պաշտպանել։

-Դուք թիմի հետ քննարկումների ժամանակ փորձել եք պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ասել եք՝ սխալ են վարվել Հովիկ Աղազարյանի հետ, նրա նամակագրությունները չպետք է հանրայնացել։

-Ո՛չ, ես միայն ասել եմ՝ այդ մարդը պետք է որոշի, մանդատ դնի՞, թե՞ ոչ։ Ամեն պատգամավոր ինքն է որոշում մանդատի հարցը։

-Դե, Նիկոլ Փաշինյանը հորդորել էր մանդատը վայր դնել, ինչը չարեց, դրա համար էլ հեռացվեց ՔՊ-ից։

-Նիկոլ Փաշինյանը կուսակցության ղեկավարն է, եթե խնդրել է, պետք է անխոս դներ։

-Այսինքն, կարծում եք, որ հիմա պետք է Հովիկ Աղազարյանը վա՞յր դնի մանդատը։

-Այո՛, եթե կուսակցության ղեկավարը հորդորել է, պետք է այդպես արվեր, եթե ինձ էլ ասեր՝ մանդատս կդնեի, վաղվանից գործի չէի գա։

-Պարո՛ն Մելքոնյան, իսկ Հակոբ Ասլանյանի հետ ինչո՞ւ խմբակցությունն այդքան վատ վարվեց։

-Ես տեղյակ չեմ, խմբակցության նիստին չեմ եղել, ողջ օրը հիվանդանոցում եմ եղել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս