«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել` այդ նպատակով անգամ «դրսից տղա բերելով»: Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան «ուղարկել» Սերժ Սարգսյանի մոտ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս.Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով, որ հենց ՕԵԿ ղեկավարին նշանակեն թափուր մնացած պաշտոնում: Նկատենք, որ «իշխանությունների վրա դրսից տղա բերելըե Արթուր Բաղդասարյանի գործելաոճն է. շատերը կհիշեն տարիներ առաջ անգլիացի դիվանագետի հետ Ա.Բաղդասարյանի գաղտնալսված զրույցը, երբ նա փորձում էր համոզել օտարերկրացի դիվանագետներին ճնշումներ բանեցնել ՀՀ իշխանությունների վրա, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը դավաճան անվանեց նրան: Իսկ ավելի վաղ, երբ նա զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, ՀՀԿ-ականները հաճախ էին բարձրաձայնում, որ նա այդտեղ հասել է դրսի՝ մասնավորապես ֆրանսիայի իշխանությունների միջամտության արդյունքում: Այնպես որ, հիմա էլ նա Մաքսային միության ճանապարհին փորձում է մտնել ռուսների տանիքի տակ:
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Բորդյուժան Հայաստանում է` գործնական հարցեր քննարկելու համար»: