Նախարարությունը չի հերքում, որ ծառեր են հատվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրապարակել էր հոդված՝ նկարագրելով, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին անուղղակիորեն պատկանող հէկ-ի շինարարության համար ԲՆ Արամ Հարությունյանի թույլտվությամբ մասսայական ծառահատումներ են արվել Ջերմուկ քաղաքում: Երեկ մեր հրապարակմանն արձագանքեց ՀՀ բնապահպանության նախարարությունը (հիշեցնենք, որ նախարարը հրաժարվել էր պատասխանել մեր թղթակցի հարցին), որտեղ, ըստ էության, հաստատել էր հրապարակված լուրի իսկությունը. այն է՝ Ջերմուկում ծառեր են հատվել:

Բնականաբար, նախարար Արամ Հարությունյանը պատասխանատվությունն իր վրայից գցելու համար ասել էր, թե «ՀՀ ԲՆ եւ առավել եւս նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման թույլտվություն տալ, քանի որ այն նախարարության եւ նախարարի լիազորություններից դուրս է… Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տալիս է հէկ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփաե ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում եւ թույլտվություն չի ստացել»:

Դե իհարկե, նախարարը պնդում է, որ հէկ-ի կառուցման թույլտվություն չի տաիս, ոչնչից տեղյակ չէ եւ փորձում է շեղել: Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նախարարին ներկայացվել է հէկ-ի շինարարության նախագիծը, որտեղ նշված է, որ 400 ծառ պիտի կտրվի այդ հատվածում: Եվ Հարությունյանը խրոխտ հայտարարություններ անելուն զուգահեռ ոչ թե մերժել է այդ նախագիծը, այլեւ դրական եզրակացություն է տվել:

Ու զավեշտալին այն է, որ այդքանից հետո ԲՆ-ն վստահեցնում է, որ «Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը եւ խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»: Սիրով կսպասենք արդյունքներին:

Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի օգնական Սոնա Տռուզյանի պատասխանին, ապա կարծում ենք՝ ԲՆ հայտարարությունից հետո առնվազն պետք է զանգահարեր խմբագրություն եւ ներողություն խնդրեր՝ ծառահատման մասին մեր տեղեկությանը, սովորության համաձայն, «անհեթեթություն» բառով պատասխանելու համար: Ի վերջո, նույնիսկ նախարարությունը չհերքեց, որ ծառեր են հատվում, ինչը հանցագործություն է:




Լրահոս