ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի գործողություններին:
«Օրինակ վարչապետը բանակցություններից եկել, խմբակցությանը մանրամասներ է պատմել և ուղիղ ասել, որ դրանք հրապարակման ենթակա չեն, իսկ Աղազարյանը դրա հետ կապված նույնպես արտահոսք է կազմակերպել: Ընդ որում, երբ դա հայտնի է դարձել, նա չի հերքել: Ինձ և «Քաղաքացիական պայմանագրի» համար դա աններելի, մեծագույն մեղք է, և դրա համար մենք պարոն Աղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ խմբակցությունից և կուսակցությունից»,- ասաց Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի, եթե Ասլանյանը հայտարարում է, որ Աղազարյանի գործողություններում խնդիր չի տեսնում, կարելի է եզրակացնել, որ նա խնդիր չի տեսնում ինչ-որ թերթի ինֆորմատոր լինելու մեջ, կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ինչ-որ թերթի կամ թերթոնի տալու մեջ:
«Պարոն Ասլանյանը հետո ասաց, որ զղջում է, բայց դա անլուրջ է և կարևոր է, որ մարդ պատասխանատու լինի իր արարքի համար: Դրա համար մենք պարոն Ասլանյանին հեռացրել ենք խմբակցությունից և առաջարկում ու պնդում ենք, որ մանդատը դնի, ինչը անում ենք նաև Աղազարյանի դեպքում»,- ասաց Ռուբինյանը: