Վերջին շրջանում համացանցում կարելի է հանդիպել Շենգենյան գոտու պետությունների միջեւ ներքին սահմաններում առաջացած խցանումների վերաբերյալ բազմաթիվ տեսանյութերի եւ նկարների: Հերթերի վերաբերյալ ահազանգեր են հնչեցնում նաեւ զբոսաշրջիկները, որոնք ստիպված են լինում հատել ներքին սահմանները օդանավակայան մեկնելիս եւ հաճախ ուշանում են իրենց թռիչքից՝ սահմանային անցակետերում առկա ծանրաբեռնվածության պատճառով:
Ի՞նչ է կատարվում Եվրոպայի սրտում
Հայտնի է, որ Շենգենյան գոտու պետությունների միջեւ ներքին սահմանները սովորաբար ազատ են եւ առանց փաստաթղթերի կնքման մարդիք կարողանում են տեղաշարժվել: Սակայն 2024 թվականի երկրորդ կեսից ներքին սահմանային անցակետերում ուժեղ հսկողություն է սկսվել:
Ավստրիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Սլովենիան եւ Շվեդիան ընդլայնել են ներքին ստուգումները իրենց սահմաններում մինչեւ 2025 թվականի մարտ-հունիս ամիսները: Դեկտեմբերի 9-ից խստացված ստուգումներ են սկսվել նաեւ Նիդեռլանդների սահմանային անցակետերում, որը կտեւի մինչեւ 2025 թվականի հունիս ամիսը:
Սահմանները հատելիս սահմանապահները կարող են պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ նրանք, ովքեր ճանապարհորդում են Շենգենյան անցագրով, պետք է հիշեն, որ վեց ամսվա ընթացքում 90 օրից ավել չեն կարող գտնվել Շենգենյան գոտում, ինչը հատկապես սահմանապահների ուշադրության կենտրոնում է:
Ինչո՞ւ
Ներքին սահմանների հսկողությունը, սկզբունքորեն, չի թույլատրվում Շենգենյան գոտում, քանի որ հանգեցնում է սահմաններում երթեւեկության դանդաղեցման եւ Եվրոպական միասնական շուկայում շարժունակության խոչընդոտմանը:
Նման ստուգումները, այնուամենայնիվ, հնարավոր են որպես ազգային անվտանգության ժամանակավոր միջոցներ։ Այս ստուգումները, այնուամենայնիվ, մի քանի տուժած երկրներում գործում են 2015 թվականի վերջից՝ տարբեր ձեւերով:
2024 թվականի կեսերին ուժի մեջ է մտել Շենգենյան սահմանային օրենսգրքի փոփոխված տարբերակը, որը, ի թիվս այլ փոփոխությունների.
• Թույլ է տալիս կիրառել ԵՄ ողջ տարածքում շարժման սահմանափակումներ հանրային առողջության լայնածավալ արտակարգ իրավիճակների դեպքում.
• Հստակեցնում է ԵՄ անդամ պետությունների ներքին սահմանների հսկողության կիրառման կանոններն ու ընթացակարգերը.
• Որպես ներգաղթի դեմ պայքարի մաս՝ ԵՄ անդամ պետություններին ավելի մեծ լիազորություններ է տալիս սահմանային անցակետերի քանակը (եւ աշխատանքային ժամերը) նվազեցնելու եւ սահմանային հսկողության միջոցառումները մեծացնելու համար:
Հայտնի է նաև, որ երեկ Ռումինիան և Բուլղարիան միացել են Եվրոպայի Շենգենյան ազատ գոտուն:
Հուրի Բաղդասարյան