Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ աղի մասին օրինագծի դեմ Հայաստանում ագրեսիվ ու լայնամասշտաբ արշավ սկսվեց։
Նա, սակայն, պնդում է, որ այս հարցով պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն։
«Հայաստանում մենք օգտագործում ենք կրկնակի չափի աղ, լուրջ քայլեր պետք է ձեռնարկել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ աշխատում են հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակները։ Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտները կառուցողական են մոտենում այս հարցին։
Այս պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։
Ըստ նախագծի՝ հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելն առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում՝ տնտեսվարողը կտուգանվի։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ, Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:
Նախարարությունում նաև քննարկում են ռեյտինգավորման մեխանիզմ սկսել հանրային սննդի օբյեկտների համար, հետո, եթե պետք լինի` վարչարարական գործիքներ կկիրառեն։
Էմմա Միքայելյան