«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ջուլիետա Ազարյանը, ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին, նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ առանց բարձրագույն կրթության։
30-ամյա Ջուլիետա Ազարյանը, քաղաքական կարիերա չունենալով, միանգամից դարձել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Նա 2016 թվականին ավարտել է ՀՀ Երեւանի Էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջը։
Քոլեջն ավարտելուց հետո միայն 8 տարի անց, երբ 2 տարի է, ինչ զբաղեցնում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, այս տարի՝ 2024 թվականին, ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ եւ այժմ սովորում է այնտեղ։
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը 2013-2014 թվականին կամավոր է եղել World Vision Armenia կազմակերպությունում։ 2015 թվականին եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գլխավոր Visual Merchandiser-ը:
2018 թվականին եղել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչը։ 2020 թվականի հոկտեմբերին կազմակերպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման եւ արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումները։ 2021-2022 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչությունում՝ որպես ծրագրերի համակարգող։
2021 թվականին հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու։
04․08․2022-04․08․2024 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը։
Ազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է:
Ջուլիետա Ազարյանը 2021 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում։
2023 թվականին, երբ զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, 1 մլն դրամով հողամաս է ձեռք բերել Փարաքար համայնքում։
Ազարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 282 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 991 հազար դրամ, որից 6 մլն 516 հազարը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 405 հազարը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց սրա համար Ազարյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 69 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: