Սիրիայում զանգվածային հանրահավաքներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն նոր իշխանությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում՝ տոնելու նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հալեպում BBC-ի թղթակիցը նշում է, որ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ տոնում են այս օրը, որը կոչել են «Հաղթանակի օր»։ Մարդիկ թափահարում են ընդդիմադիր շարժումը ներկայացնող դրոշներ, իսկ երկրի դրոշները հանվել են հրապարակից։ Միևնույն ժամանակ որոշ մարդիկ մտահոգություն են հայտնել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հետո։ Շատերը BBC-ին հայտնել են ֆինանսական դժվարությունների մասին։

Նախքան Սիրիայի տարբեր քաղաքներում անցկացվող հանրահավաքները, մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ հավաքվել են Ասադի իշխանության տապալումից հետո առաջին ուրբաթօրյա աղոթքներին։ Դամասկոսի Ումայադի հրապարակում ժողովրդի շարքերում են եղել նաև սև հանդերձանքով, զինված մարտիկներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումից, որի գլխավորությամբ տեղի ունեցավ Սիրիայում իշխանության տապալումը։

Ումայադի հրապարակում ուրբաթօրյա աղոթքին մասնակցել է նաև ժամանակավոր վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ելույթ է ունեցել իրեն ջերմ ողջունող բազմության առջև։

BBC-ն նաև հաղորդում է, որ Սիրիայի ժամանակավոր իշխանությունները շփում են ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ և խնդրել նրանց շարունակել գործունեությունը երկրում։

 




Լրահոս