Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն սահմանելու օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի խորհրդարանը կողմ է քվեարկել էներգետիկայի ոլորտում արտակարգ դրություն սահմանելուն։ Արտակարգ դրությունը սահմանվում է 60 օրով՝ ռուսական գազի տարանցումը դադարեցնելու՝ Ուկրաինայի պլանների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Մոլդովայի խորհրդարանի բանաձևը։

Ինչպես հայտարարել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը, Մերձդնեստր գազի մատակարարման ամբողջական դադարեցման վտանգ կա, բացի այդ կարող է խաթարվել նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը Դնեստրի աջ կողմում։ Այս առնչությամբ, ըստ Ռեչանի, կառավարությունը պետք է ունենա բոլոր անհրաժեշտ գործիքներն արտակարգ իրավիճակներում տարբեր գործողություններ ձեռնարկելու համար։

Նախկինում Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն երկարաձգելու Ռուսաստանի հետ համաձայնագիրը և 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնելու են ռուսական գազի և նավթի տարանցումը Եվրոպա։

«Ուկրաինայի Նավթոգազ» պետական ընկերության և ռուսական «Գազպրոմ»-ի միջև տարանցման պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Այն լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2022 թվականից ի վեր, չնայած Ռուսաստանի հետ պատերազմին, Ուկրաինան շարունակել է պահպանել համաձայնագրի պայմանները և ապահովել ռուսական գազի տարանցումը Եվրոպա։




Լրահոս