Նիկոլ Փաշինյանի փոթորկուն ելույթները կառավարության նիստում փոթորկեցին Շիրակի մարզի քաղաքական անդորրը։
Նախ Փաշինյանը նոյեմբերի 28-ի կառավարության նիստում կրկին հունից դուրս եկավ, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցի դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթերին, ու զբոսնելիս մարդիկ ստիպված են քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի շարված են մայթերին:
Նիկոլ Փաշինյանը դժգոհեց տեսչական մարմինների աշխատանքից ու տեսչական մարմիններին հորդորեց հատ-հատ ստուգել այդ խնդիրները:
Սրանից հետո պարզ էր, որ հաջորդ ազատումը չի ուշանա։
Օրերս էլ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի արդեն նախկին մարզպետը ազատման դիմում է գրել, սակայն ինքը՝ մարզպետը, դրա մասին տեղյակ չէր։
Մուշեղ Մուրադյանն, անդրադառնալով տեղեկություններին, որ մարզպետ է նշանակվելու Դավիթ Առուշանյանը, ով երեկ արդեն հրաժարվել է պատգամավորի մանդատից, 24news.am-ին ասել էր՝ «Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ»։
Ավելի ուշ՝ Փաշինյանը Սարիկ Մինասյանին նշանակեց Գյումրու համայնքապըտի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Առուշանյանին՝ մարզպետ։
Այսպիսով ArmLur.am-ը ներկայացնում է՝ ով էր Մուշեղ Մուրադյանը, ինչ ճանապարհ է անցել և ինչ ունեցվածքով հեռացավ։
Հեղափոխությունից հետո պետական ապարատում յուղալի պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները կա՛մ բանկային համակարգի նախկին աշխատակիցներ են, կա՛մ նախկին լրագրողներ։ Հենց այդ բանկային համակարգի նախկին աշխատակիցներից մեկն էլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է, որն իր աշխատանքային կարիերայի ընթացքում մեծ ունեցվածք է դիզել։
Մուրադյանը մարզպետ դարձել է 2023 թվականի հունվարի 27-ին: Մինչ այդ՝ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր, սակայն դրանից առաջ գրեթե 6 տարի աշխատել է Շիրակի մարզպետարանում տարբեր պաշտոններում։
Նախկին մարզպետը հայտարարագրել է 2 հողամաս Շիրակի մարզի Ամասիա քաղաքում, 3 անհատական բնակելի տուն՝ մեկը՝ Գյումրի քաղաքում, մյուսը՝ Ամասիա քաղաքում, և 3 հողին ամրակցված անշարժ գույք՝ մեկը՝ Գյումրի, մյուսը՝ Ամասիա քաղաքներում։
Նա հայտարարագրել է նաև 7 շինություն, որոնք նախատեսված են՝ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար։
Ընդհանուր առմամբ՝ Մուրադյանը հայտարարագրել է 15 անշարժ գույք։
2023 թվականի ընթացքում Մուրադյանը վաճառել է 3 շինություն, որոնք նախատեսված են՝ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար։ Թեպետ 3 շինություններն ամեն ինչով նույնն են՝ թե՛ արժեքով՝ 5 մլն 850 հազար դրամ, թե՛ հասցեով, թե՛ ձեռք բերման օրով, այնուամենայնիվ արձանագրել է պետք՝ որ առկա 3 շինությունների ընդհանուր արժեքը 17 մլն 550 հազար դրամ է կազմել և տարեվերջին գույքերի ընդհանուր թիվը կազմել է 12-ը։
2016 թվականին Մուրադյանը գնել է 2008 թվականի արտադրության VAZ մեքենա։
Բաժնային արժեթղթերը կազմել են 90 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 85 հազար դրամ։
Մուշեղ Մուրադյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 48 հազար դրամ, որից 12 մլն 800 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կազավարչական հիմնարկից։
321 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ԱՐՓԻ-ԼԻՃ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ»-ից։ 5 մլն դրամն այլ եկամուտ է Անդրանիկ Նալբանդյանից, իսկ 5 մլն 850 հազար դրամը՝ Տիգրան Սանոսյանի կողմից գուքի օտարման եկամուտ։
Հարկ է նշել, որ Մուրադյանի հայտարարագրում անհամապատասխանություն կա։
Համաձայն հայտարարագրի անշարժ գույքի օտարման բաժնի՝ նա օտարել է 3 գույք, որոնց մեկ հատն արժեցել է 5 մլն 850 հազար։ Տարեսկզբին առկա 15 գույքը տարեվերջին՝ վաճառքից հետո, դարձել էր 12, այսինքն, այնուամենայնիվ, վաճառվել էր 3 անշարժ գույք։
Փաստն այն է, որ վաճառքի ստացված 17 մլն 550 հազար դրամից որպես եկամուտ հայտարարագրվել է միայն 5 մլն 850 հազար դրամը։
Էմմա Միքայելյան