ArmLur.am-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 3 շենքի բնակիչն ահազանգում է, որ դեկտեմբերի 14-ից տեղի բնակիչները ջուր չունեն։
ArmLur.am-ին դիմած քաղաքացին ասում է, որ ըստ «Վեոլիա ջուր» էջի ջրանջատումը նախատեսված էր դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-21:00-ն, բայց այն չեն միացրել մինչև օրս։
«Դեկտեմբերի 15-ին իրենց էջում հայտնեցին, որ ջրանջատում է սպասվում դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-21:00-ն, բայց այդ հատվածում (Դեկտեմբերի 14-ին ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ն) ջուրը ևս չի եղել։ Երեկ երեկոյան ինձ օպերատորը ասաց՝ կեսգիշերին կլինի ջուրը։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ն է, բայց դեռ ջուր չունենք, ուղիղ 48 ժամ։
Առավոտյան ժամը 09:00-ին օպերատորը ինձ ասում է՝ գիշերը 02:30 միացվել է ջուրը, շուտով կհասնի։ Այս ամենը խեղկատակություն է, էլ չեմ խոսում այն մասին, որ իրենց էջը փակ է հարցեր կամ կոմմենտներ գրելու համար, միայն նեղ շրջանակի համար է բաց, որ իրենց գովազդեն ու ծափահարեն։ Ինչպես կարելի է հանգստյան օրերին և երկուշաբթի օրը ներառյալ, երբ բոլորը պատրաստվում են դասի և աշխատանքի նման անպատասխանատու խաղ խաղալ»,- պատմում է ArmLur.am-ին ահազանգած քաղաքացին:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը, վերջինս ասաց, որ արդեն բոլոր տեղերում խնդիրը լուծվել է, իսկ պատճառը եղել է այն, որ 500 միլիմետրանոց ջրատարը 2 տեղից վնասվել էր:
Էմմա Մարտիրոսյան