Ադրբեջանի դատախազները հայ քաղբանտարկյալ, մարդասեր ու բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել, հաղորդել է նրա պաշտպանական թիմը: Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը, միևնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին և նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից: Հետևաբար, Վարդանյանն ու նրա փաստաբանը ծայրահեղ կերպով սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության։
«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։- Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու և ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու այսպես կոչված ապացույցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաև գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մոտեցումը հստակորեն ծրագրված է, որպեսզի Ալիևը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»:
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, զգուշացնելով, որ այս նոր մեղադրանքներն ազդարարում են Ալիևի կողմից ընդդիմադիր ձայները լռեցնելու ակտիվացող արշավի մասին, կոչ է անում Ժողովրդավար աշխարհին՝ ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլևս չեն կարող հանդուրժվել, և ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։
«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են և COP29-ի ձախողումների համար հատուցում,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:- Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջև՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը և առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլևս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»։