Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփել է աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների ելույթները:
«Հայաստանի ծանրամարտի հավաքականն իր լավագույն մարզավիճակում չէր: Ու մտավախություն կար, որ ինչ-որ բան կարող էր այնպես չգնալ: Այս առաջնությանը թիմի պատրաստ չլինելը վկայում են անհաջող ելույթները` զրոները և մարզիկների ստացած վնասվածքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` աշխարհի առաջնության ավարտից հետո հավաքականներին նոր փոփոխություններ են պետք` նոր օլիմպիական շրջափուլին նախապատրաստվելու համար:
«Այս առաջնությունը ցույց տվեց, որ պետք է քայլեր ձեռնարկենք, այլապես մենք մեր երազած հավաքականով չենք մասնակցի Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:
Ըստ Գիլոյանի, Հայաստանի կանանց հավաքականի կազմում ապագայում իրենց լուրջ խոսքը ասող մարզիկներ են լինելու:
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիներն աշխարհի այս առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը և բրոնզ նվաճեց Ալեքսանդրա Գրիգորյանը:
Հավաքականի կազմում փոքր մեդալներ նվաճեցին Գարիկ Կարապետյանը (փոքր արծաթ) և Գառնիկ Չոլակյանը (փոքր բրոնզ):