ՔՊ-ում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին։ Որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միեւնույնն է, շարունակվում են:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաեւ Անդրանիկ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս մյուս թիմակիցների, Արմեն Փամբուխչյանի դեմ եւս կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» է ներկայացրել, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը հրավիրված վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները Արմեն Փամբուխչյանի կապակցությամբ այնքան էլ անիրական չեն։
Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաեւ բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։
Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից:
Հաստատվել են նաեւ լրատվամիջոցների բացահայտումները, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։
ՔՊ-ում հենց այս բացահայտումների հետեւանք են համարում նաեւ Արմեն Փամբուխչյանի վարորդին պատկանող Lexus-ների հրդեհվելը ավտոտնակում՝ անհասկանալի հանգամանքներում, ինչի մասին ArmLur.am-ը հայտնել էր։
Անդրանիկ Քոչարյանն էլ իրենից գոհ է, որ իր հայտարարությունները Արմեն Փամբուխչյանի վերաբերյալ հաստատվել են. հրաժարվել է նրանից ներողություն խնդրել, ինչպես դա արել էր ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի դեպքում (Քոչարյանը նրանցից ներողություն էր խնդրել):
ՔՊ-ականները բարոյապես ոչնչացնում ու խայտառակում են Նիկոլ Փաշինյանի հրահանգը չկատարած, իրենց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանին:
Դեռ դեկտեմբերի 4-ի իր ճեպազրույցում ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը սկանդալային հայտարարություն էր արել, որ իր անձնական դաշտում գտնվող նյութերից, նամակագրություններից հայտնվել էին վարչությունում եւ վարչապետի մոտ, ինչը, ՔՊ-ականների խոսքով, շոկի մեջ է գցել իրենց ու անգամ ամաչում են խոսել այդ մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը հանել են քննիչի կողմից առգրավված հեռախոսի միջից, տպել են «Ֆեյսբուք»-ի messenger-ի ՍՄՍ-ները:
Ստացվում է, իրավապահները մուտք են գործել պատգամավորի messenger, հանել նրա նամակագրությունները, անգամ ջնջված նամակներն են վերականգնել, տպել են դրանք թղթի վրա եւ տվել Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ նախ հրապարակվել է վարչության դռնփակ նիստին, ապա նույն նամակագրությունը վարչության նիստի հաջոդ օրը բաժանվել է նաեւ խմբակցության պատգամավորներին։
ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ` անգամ կանայք, չեն զլացել, նստել ու կարդացել են իրենց գործընկերոջ նամակագրությունը, որտեղ սեռական բնույթի ինտիմ խոսակցություններ են հիմնականում եղել։
Այս ամենը հետագայում քննարկումների առիթ է դարձել նաեւ ՔՊ-ում, թե ինչու են կին պատգամավորներին թույլ տվել նման բնույթի, հայհոյախառն արտահայտություններով լի նամակներ կարդալ, մի բան էլ քննարկել դրանք:
Կարելի է ասել՝ ՔՊ-ականները ներխուժել են Նիկոլ Փաշինյանի խոսքին դեմ գնացած Հովիկ Աղազարյանի անկողին ու հանրայնացրել նրա անձնական կյանքը:
«Ժողովուրդ»-ը ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են ձեռնարկվում պատգամավորի անձնական տվյալների իրավունքի խախտման վերաբերյալ, վերջինս ասաց, որ գործին կարող են ընթացք տալ այն դեպքում, երբ տվյալ անձը դիմի անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ իր իրավունքների խախտման դեպքով։ Հովիկ Աղազարյանից, սակայն, դիմում չեն ստացել։
ՀՀ Երեւան քաղաքի պետական բյուջեից տրամադրվել էր 90 մլն դրամ՝ դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառելու եւ մարդկանց շնչահեղձ անելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս մասին պաշտոնական աղբյուրներից: Երեւանում հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողություննից հետո հրապարակը վերածվել էր շուկայի։ Բանն այն է, որ թանկարժեք հրավառությունը միայն ուրախություն չէ, որ պատճառել է ներկաներին եւ Կենտրոնի բնակիչներին. այն նաեւ բողոքի մեծ ալիք է բարձրացրել։
«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ թեեւ հրավառությունն ու միջոցառումը գեղեցիկ եւ ստացված էին, սակայն քաղաքացիների տեղաշարժը եւ կազմակերպչական մասն անկազմակերպ էր։ Հրավառությունից հետո մարդկանց հոսքը շրջափակել է Հանրապետության հրապարակը, եւ շարժը դադարել է՝ ստեղծելով արհեստական խցանումներ։ Երեւանի քաղաքապետարանը կամ Երեւանի պարեկային ծառայության անկազմակերպ աշխատանքի արդյունքում քաղաքացիները անմարդկային խցանումների մեջ ուշագնաց են եղել, շարունակվել է երեխաների լացուկոծը: Ավելին, որպեսզի հրմշտոցի արդյունքում երեխաները շնչահեղձ չլինեն, ծնողները երեխաներին նստեցրել էին իրենց ուսերին ու մի կերպ դուրս հանել քաոսից:
Անկազմակերպ բացումը ցայտուն էր, քանի որ, օրինակ, Հայաստանում անցկացվող Մանկական եվրատեսիլի ժամանակ, որը ոչ պակաս մեծ միջոցառում էր եւ պատմական իրադարձություն Հայաստանի համար, կազմակերպվածության մակարդակը զգացվում էր նաեւ իրավապահների կողմից։ Միջոցառման մուտքի ժամանակ ստուգվում էին քաղաքացիների պայուսակները՝ միջոցառման ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու համար։ Ավելին՝ հստակ ապահովված էին մուտքի եւ ելքի տարբեր ուղիները: Իսկ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում Երեւանը Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքի ծայրամասեր կաթվածահար էր եղել։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը կամ կազմակերպող ընկերությունը պաշտոնական ոչ մի պատասխանով հանդես չեն եկել, իսկ երկուշաբթի՝ առավոտյան, այդպես էլ տեղի չունեցավ Երեւանի գործակարգավարական նիստը, եւ Տիգրան Ավինյանը հարկ չհամարեց պատճառված անհանգստության համար ներողություն խնդրել:
Մայրաքաղաքի ձեւավորման աշխատանքները, ինչպես նախորդ 2 տարիներին, կազմակերպվել են «Սինեմարտ» ՍՊԸ-ի կողմից։
2022 եւ 2023 թվականներին տոնական ձեւավորման ծառայությունների համար «Սինեմարտ»-ի հետ կնքվել է պայմանագիր՝ մեկ անձից գնման եղանակով։
2022-ին տոնական միջոցառումը կազմակերպվել էր 191 մլն դրամով, 2023-ին՝ 202 մլն դրամով, 2024-ին՝ 209 մլն դրամով։ Ֆինանսական աճը ակնհայտ է եւ ամենեւին փոքր չէ։
Բացի «Սինեմարտ»-ից՝ Հանրապետության հրապարակում ձեւավորման աշխատանքներ է կատարել նաեւ իշխանության սիրելի «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը երգող շատրվանների տարածքի ամանորյա ձեւավորման աշխատանքների համար պայմանագիր է կնքել Երեւանի քաղաքապետարաի հետ, որն արժեցել 60 մլն դրամ, իսկ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները՝ 190 մլն դրամ։
Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքները կազմակերպելու համար այս ընկերությանը վճարվել է 90 մլն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանը այդպես էլ չպատասխանեց՝ գուցե խուսափելով պատասխանատվությունից, սակայն փաստն այն է, որ կազմակերպված միջոցառումը, ժողովրդական ձեւով ասած, հարամվեց։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհուրդը ձեւավորվում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է։
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի գիշերային sms-ի արդյունքում Սասուն Խաչատրյանը ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, եւ շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն նախագահ չունի, ու նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է էդիկ Հակոբյանը։
Եվ ահա, որպեսզի նախագահ ընտրվի, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի Հոդված 18-ի՝ պետք է ձեւավորվի Մրցութային խորհուրդ:
1) Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվում է խորհուրդ՝ բաղկացած Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից եւ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մրցութային խորհրդում ԲԴԽ ներկայացուցիչը լինելու է ԲԴԽ գիտնական անդամ Կարեն Թումանյանը, արդարադատության նախարարությունից Եփրեմ Կարապետյանը, որը արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետն է, իսկ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը մրցութային խորհրդում Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ, հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն է։
Կոմիտեի մասին օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետն էլ սահմանում է՝ Կառավարությունը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում է եւ համապատասխան որոշում է կայացնում Խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եվ ըստ 9-րդ կետի՝ «Խորհուրդը մրցույթում հաղթող չճանաչվելու կամ Կառավարության կողմից համապատասխան նշանակում չկատարվելու դեպքում ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում նշանակում է նոր մրցույթ»:
Թե ով կընտրվի, դժվար է ասել: