ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ, ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը ամանորյա եռուզեռի եւ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Տարբեր վարչական շրջաններ արդեն իսկ պատրաստվում են ամանորյա տոնական միջոցառումներին՝ դրանց հետ մեկտեղ ապահովելով տարբերվող եւ յուրօրինակ զարդարանքներ։

 

Հենց նման նախաձեռնության շրջանակում էլ Արաբկիր վարչական շրջանի ամանորյա ծառայությունների ձեռքբերումների համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 15 մլն 939 հազար դրամ։

Համաձայն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփան Կույումջյան Միհրանի ԱՁ-ի հետ կնքված պայմանագրի՝ գնման առարկա է հանդիսանում Արաբկիր վարչական շրջանի տարածքի ձեւավորումը` Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝

«1. Վ. Դավթյանի անվան այգու մուտքը Կոմիտասի պողոտայի կողմից կամարի տեսքով լուսավորել՝ վրան տեղադրելով տոնին համահունչ գրառում: Այգու կենտրոնական մասում 20 հատ ծառ ամբողջովին զարդարել գեղեցիկ  լուսավորությամբ, որը կպարունակի տոնածառի խաղալիքներ:

  1. Իրականացնել Նոր Արաբկիր զբոսայգու մուտքի գեղեցիկ զարդարում՝ կամարաձեւ լուսավորություն եւ տոնին համահունչ գրառում: Այգու կենտրոնական մասում 30 հատ ծառ ամբողջովին զարդարել, որը կպարունակի տոնածառի խաղալիքներ։

3.Քանաքեռ ՀԷԿ-ի այգու կենտրոնական հատվածը ամբողջովին լուսավորել 10 ծառ տոնածառի լույսերով, որը կպարունակի տոնածառի խաղալիքներ:

  1. Կասյան-Բաղրամյան-Վազգեն առաջին Կաթողիկոս էստակադայի ամբողջ երկայնքով ամանորյա լույսերի մոնտաժում եւ ապամոնտաժում՝ կամարի տեսքով, որի համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել 20.000 մ երկարությամբ լույսեր։
  2. Բաղրամյան պողոտա եւ Օրբելի եղբայրներ փողոցների հատման մասում տոնի խորհրդին համապատասխան շքեղ լուսային ձեւավորում, եւ պետք է տեղադրվի 4 մ տրամագծով գունդ՝ տոնածառի խաղալիքի տեսքով, որն ամբողջությամբ պատված լինի լույսերով։
  3. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրի հարակից եղեւնիները պետք է ամբողջովին զարդարվեն լույսերով։
  4. Ազատության պողոտայի Ազատություն – Կոմիտաս պողոտաների խաչմերուկից (Լամբադա կամուրջ) մինչեւ «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմացի հասարակական տրանսպորտի կանգառ, ծառերի բները 2մ  բարձրությամբ պետք է զարդարվի փաթաթվող տոնածառային լույսերով»:

Շարքը կարելի էր շարունակել, սակայն հետաքրքիրն այն է, որ համաձայն պայմանագրի՝ ողջ զարդարանքի դիզայնը եւ գույների համադրությունը պետք է համաձայնեցնել Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի հետ:

Տոնական զարդարանքների ամրացման աշխատանքները սկսել է դեկտեմբերի 6-ից եւ ավարտվելու է դեկտեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ  ArmLur.am-ը գրել էր՝ 2 մլն դրամ Երեւանի քաղաքապետարանը հատկացրել էր Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար, իսկ 5 մլն դրամ էլ հատկացվել էր Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառում կազմակերպելու համար։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս