Դեկտեմբերի 8-ին լրացավ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության» 36-րդ տարեդարձը։ «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց բեմադրվեց նաեւ ներկայացում եւ այդ օրը նաեւ հայտարարվեց 1 ամիս տեւած բողոքի նստացույցի ավարտի մասին։
Թեպետ 1 ամիս տեւած բողոքի նստացույցն ավարտվեց, այս հանգամանքն ամենեւին էլ չի նշանակում, որ պայքարը հանուն թատրոնի չի շարունակվելու. հակառակը՝ ամեն բան նոր փուլ է մտնում, եւ սպասվում են այլ ակցիաներ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2023 թվականի մարտի 22-ին տարածվեցին լուրերը «Գոյ» թատրոնի փակվելու վերաբերյալ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը դեռ այդ ժամանակվանից էլ նշել է, որ պատճառ կարող է հանդիսանալ իր քննադատությունը իշխանությունների հասցեին։ Անգամ թատրոնի խաղացանկում եղել են քաղաքական կոնտեքստով ներկայացումներ, քննադատություններ։ Դրանց վառ օրինակն են Ջորջ Օրուելի «Անասնաֆերման», Ալբեր Կամյուի «Օտարը», «Գարեգին Նդժեհ. իրական առասպել» պատմական հետազոտությունը եւ այլ ներկայացումներ: Սակայն հարկ է նշել, որ թե՛ ներկայացումները, թե՛ բուն ստեղծագործությունները մեծ սեր եւ հարգանք են վայելում։
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ:
-Պարո՛ն Արզումանյան, թատրոնի ծննդյան օրը հայտնել եք, որ նստացույցը դադարեցվել է եւ փոփոխություն ու զարգացումներ են սպասվում։ Ավելի հստակ՝ ինչի՞ մասին է խոսքը։
-Նստացույցը դադարեցնելը փոքր-ինչ լավ չի հնչում, որովհետեւ տագնապային է թվում։ Պարզապես այդ բողոքի ակցիան փոխարինում ենք այլ ակցիաներով, որովհետեւ մեր ուժերը 1 ամիս շարունակ կենտրոնացրել էինք նստացույցի վրա, ինչը տվեց այն արդյունքը, ինչը տվեց։ Հիմա, քանի որ մեր հարգարժան ԿԳՄՍ նախարարությունը հաշվի չի նստում մեր պահանջի հետ, այժմ պետք են գործողություններ, որ կարողանանք հասնել արդյունքի։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում՝ ենթադրում է հանրային ճնշում, իսկ հանրությանը բերել ու կենտրոնացնել մի գաղափարի շուրջ, դա աշխատատար գործընթաց է, ու նստացույցը միայն արդյունավետ չէր դա կյանքի կոչելու համար: Դրա համար այժմ մենք ունենք գործողությունների հստակ պլան, որոնցով պետք է փորձենք հանրությանը բերել այս դաշտ, որովհետեւ սա միայն մեր կռիվը չէ, «Գոյ» թատրոնում աշխատելու կռիվ չէ, սա խոսք է մշակույթի մասին, իսկ մշակույթը բոլորինն է։ Դրա համար պետք է մարդկանց իրազեկենք, ապացուցենք այս պայքարի արդարացիությունը եւ փորձենք հանրային ճնշումով ստիպել բացել «Գոյ» թատրոնի դռները, մինչեւ աշխատենք, հասկանանք՝ դատարանն ինչ է որոշում։ Քայլերից մի քանիսն ասեմ. հաճախակի լինելու են հանրային միջոցառումներ, որոնք կներառեն դասախոսություններ, ներկայացումներ։ Ներկայացում ասվածը ավանդական խաղերը չեն, ինչը գիտենք։ Սրանք իրենց բովանդակությամբ բողոքի ներկայացումներ են լինելու: Չպետք է թվա, որ մենք հարմարվում ենք՝ նույնիսկ փողոցում խաղալու համար։ Սրանք ասելիքով ներկայացումներ են, հրապարակային տխուր ներկայացումներ։ Կունենանք մասնավոր հանդիպումներ։ Արդեն մենք կայցելենք մեր գործընկերներին, կգնանք այլ թատրոններ, կհանդիպենք անկախ արվեստագետների։ Կփորձենք բացատրել, պարզաբանել, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է ընդհանրապես տեղի ունենում։
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՎ ՈՒՐԲԱԹԻՆ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
ԱՄՆ-ում Սեւ ուրբաթին րոպեում 11,3 մլն դոլարի առցանց առեւտուր է իրականացվել։ Ընդհանուր առմամբ օնլայն առեւտրի միջոցով ԱՄՆ-ում ծախսվել է 10,8 մլրդ դոլար։
Հայաստանում Սեւ ուրբաթին՝ նոյեմբերի 29-ին, համաձայն ՊԵԿ-ի, իրականացվել է 11 մլրդ 26 մլն դրամի առեւտուր։ Տպվել է 2 մլն 34 հազար 651 հատ ՀԴՄ կտրոն։ 2023 թվականի Սեւ ուրբաթի տվյալների համեմատ՝ ծախսված գումարը ավելացել է 4,7%-ով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առավել ակտիվորեն գնումներ կատարվել են բջջային սարքերով, ինչը կազմել է բոլոր առցանց գնումների 69%-ը: Այս տարի առցանց վաճառքներն աճել են մոտ 14.6%-ով նախորդ տարվա համեմատ՝ հաշվի առնելով գնորդների ակտիվությունը ոչ միայն մեկ օրվա ընթացքում, այլեւ Սեւ ուրբաթ հատուկ առաջարկների ամբողջ շաբաթվա ընթացքում:
Խանութների այցելությունների քանակը նվազել է 8.2%-ով, սակայն մեծ զեղչերի դեպքում որոշ խանութներում նկատվել են ավելի շատ այցելություններ: Զեղչերը հիմնականում տատանվել են 40%-ից 70%-ի սահմաններում: Միեւնույն ժամանակ, հաճախորդները բախվել են առցանց խարդախության դեպքերի, որոնցից խուսափելու համար կարեւոր է զգույշ լինել կասկածելի կայքերից գնումներ անելիս։
Այսպիսով՝ Սեւ ուրբաթը ոչ միայն վաճառքի բարձրացման, այլեւ սպառողների ուշադրության կենտրոնում է՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ
Տավուշի մարզի 3 գյուղ՝ Կիրանցը, Աճարկուտն ու Բերքաբերն ամբողջությամբ գազիֆիկացվել են: Աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի արդյունքում: Համայնքի ներդրման մասնաբաժինը՝ ընդհանուր բյուջեի 35 տոկոսը, որը կազմում է մոտ 82 մլն դրամ, տրամադրել է բարերար Միքայել Վարդանյանը: Իսկ Բարեկամավանում ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ՝ հատկացվել է մոտ 18 մլն դրամ: Գազիֆիկացման արդյունքում մարզի նշված 4 բնակավայրերում կլուծվի միանգամից մի քանի խնդիր:
Բնակիչների սոցիալական եւ կենցաղային վիճակը կբարելավվի, անտառահատումների քանակը կնվազի:
Բարերարը եւս 20 մլն դրամ տրամադրել է Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Նորաշեն բնակավայրերի խմելու ջրի արտաքին ցանցի կապիտալ նորոգմանն աջակցելու նպատակով: Երկու ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանը ընդհանուր տրամադրել է 120 մլն դրամ: Ի դեպ, բարերարի ֆինանսական աջակցության շնորհիվ 2006 թվականից մինչեւ օրս Տավուշի մարզում գազով ապահովվել է 28, իսկ խմելու ջրով 42՝ գյուղական համայնք: