ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9-ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:
Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը եւ մրցանակների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին եւ հյուրերին՝ նա կարեւորել է միջազգային մակարդակով Գոհար Գասպարյանի հոբելյանին նվիրված այս ստուգատեսի անցկացումը:
«Գոհար Գասպարյանն անգնահատելի ավանդ ու ներդրում ունի հայ կատարողական արվեստի զարգացման, տարածման եւ հանրահռչակման գործում, եւ պատահական չէ, որ այս մրցույթը կրում է նրա անունը: Գոհար Գասպարյանը՝ որպես մշակույթի դեսպան, իր հետաքրքիր դերերգերով եւ կատարողական անգերազանցելի բարձր վարպետությամբ հանրահռչակել է հայ օպերային արվեստն ամբողջ աշխարհում: Անգնահատելի է նաեւ Գոհար Գասպարյանի դերը որպես մանկավարժ. նա իր սաներին փոխանցել է այնպիսի գիտելիքներ եւ կատարողական արվեստի նրբերանգներ, որոնց շնորհիվ նրանք հանդես են եկել աշխարհի լավագույն բեմերում»,- նշել է Դանիել Դանիելյանը եւ բարի երթ ու մասնագիտական վերելքներ մաղթել մրցույթի բոլոր մասնակիցներին:
Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի կողմից մրցանակների են արժանացել հետեւյալ մասնակիցները՝
Սիմոնյան Սոֆիա՝ 2-րդ մրցանակ
Մելքոնյան Վիկտորիա՝ 2-րդ մրցանակ
Միսակյան Մերի՝ 3-րդ մրցանակ
Օրդանյան Հովհաննես՝ 2-րդ մրցանակ
Փոդրատչյան Հայկ՝ 3-րդ մրցանակ
Մկրտչյան Արթուր՝ 3-րդ մրցանակ
Մարիամ Գրիգորյան՝ Կոմիտասի լավագույն կատարման համար մրցանակ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ դահլիճում տեղի է ունեցել մրցույթի վիճակահանությունը: Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 43 մասնակից: Առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 2-4-ը Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի մեծ դահլիճում: Երկրորդ փուլն անցկացվել է դեկտեմբերի 6-7-ին, որն ունեցել է 21 մասնակից: Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել 3-րդ փուլ անցած 11 մասնակիցների ելույթը:
ՀՀ ԿԳՄՍՆ