Մի քանի քրեական գործերով անցնողը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում է փորձում հայտնվել։
Երեկ Ազգային Ժողովից հայտնեցին․
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Արսեն Թորոսյանին»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
Մինչ այս հայտարարությունը՝ հանձնաժողովը նախագահում էր Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Քրեական գործերի մասին․
Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, նրա պատգամավոր դառնալուց հետո ստանձնել է «Միբս ՍՊԸ»-ի տնօրենի պարտականությունները։
Թորոսյանի հետ փոխկապակցված այս ընկերության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ 2020 թվականին իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը. հանձնաժողովին տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) իր հերթին որոշել է, որ առողջապահության նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջեւ կնքված պայմանագրերում առկա չէ շահերի բախում։ Ահա սա էլ դառնում է ընտրովի արդարադատության բացառիկ եւ ակնհայտ ապացույց։
Օգտվելով վարույթ չհարուցելու հանգամանքից` 2023 թվականի ընթացքում Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած «Միբս» ընկերության եւ առողջապահության նախարարության միջեւ կնքվել է 2 պայմանագիր՝ 65 մլն 215 հազար դրամ եւ 104 մլն 015 հազար դրամ արժողությամբ։
Ստացվում է, որ անպատժելիությունը դառնում է ամենաթողության պատճառ, իսկ իշխանական անպատժելիների համար բոլոր փակ դռները մեխանիկորեն բացվում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:
Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 3-ին վկայի կարգավիճակով ներկա է եղել ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատավարությանը։ Բանն այն է, որ 2019-ի տարեվերջին «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (Առեւտրային կաշառքը)»:
Եվս մեկ քրեական գործ հարուցվել էր «Հետք»-ի կողմից հրապարակված «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի հիման վրա։
Պատգամավորի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն էր՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»։
Որոշ ժամանակ անց պատգամավորի հայրը 2023 թվականի մարտի 16-ին, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ այս ընկերությունը սահմանափակման տակ է։
Այս սկանդալային դեպքերից հետո թերևս այս մեկն ավելի լուրջ է․
Նախարար եղած ժամանակ «Covid-19»-ի դեմ պայքարի ընթացքում նախարարության աշխատակիցների իրականացված յուրացումների, ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ լուրեր էին շրջանառվում Թորոսյանի շուրջ: Յուրացումների փաստով քրեական գործ էր հարուցվել, կալանավորել էին նախարար Թորոսյանի տեղակալին, այլ պաշտոնյաների:
Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է ղեկավարել ու կազմակերպել թալանը:
Էմմա Միքայելյան