ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի խորհրդական-օգնականին մեղադրանք է առաջադրվել։
ArmLur.am-ը փորձեց տեղեկությունը պարզել կոմիտեից, որտեղից էլ ի պատասխան հայտնեցին.
«Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականի գործով 1 անձի ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետի օգնականը ձերբակալվել է։
Տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց պարզել անձամբ Քննչական կոմիտեից, որտեղի ի պատասխան միայն հայտնեցին, որ կա մեկ ձերբակալված եւ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մասի ( 1. Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով,եւ 396-րդ հոդվածի առաջին մասի՝ 1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզային ոստիկանապետը խոր հակամարտության մեջ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ պաշտոնյաների ներքին կռիվը ուղիղ կապ ունի մարզպետի քրեական պատմությունների հետ հնարավոր առնչություններին։
Ուշագրավն այն է, որ մարզպետ Մովսիսյանը օրերս իր հարցազրույցում հրապարակավ կասկածի տակ է դրել իրավապահների գործողությունները։ Նշենք, որ Արագածոտնի մարզային վարչության պետը Վարդան Խաչատուրյանն է, իսկ ահա Աշտարակի բաժնի պետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը, որը երեկ՝ դեպքից հետո, ազատվեց պաշտոնից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի Mercedes-ը, ինչից հետո վարորդին՝ Ա. Մարկոսյանին, թմրանյութ պահելու, օգտագործելու եւ տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք,փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Քնար Մանուկյան