«Հրապարակ» օրաթերթի «Էս գժանոցը դիրեկտոր չունի» հոդվածի դեմ «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Բունիաթյանի բողոքի կապակցությամբ
Ա. ՓԱՍՏԵՐ
1. 2024թ. հոկտեմբերի 22-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Բունիաթյանը՝ բողոքելով «Հրապարակ» օրաթերթի կայքում հոկտեմբերի 15-ին հրապարակված «Էս գժանոցը դիրեկտոր չունի» վերնագրով հոդվածի դեմ։ Ըստ դիմումատուի՝ ներկայացվող նյութն ամբողջությամբ ոտնահարում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը։ «Մեր հասարակությունը առանց այն էլ իրենում արմատացրել է վնասակար կարծրատիպեր եւ սխալ պատկերացումներ հոգեկան առողջության ոլորտի նկատմամբ, իսկ այս նյութը վերահաստատում է այդ կարծրատիպերը հասարակության շրջանում», – մասնավորապես նշված է դիմումի մեջ։
2. Դիմումն ստանալով՝ ԴՄ համակարգողը կապվել է «Հրապարակի» խմբագրության հետ՝ առաջարկելով ներկայացնել դիրքորոշում կամ պարզաբանումներ։ Ի պատասխան՝ «Հրապարակի» գլխավոր խմբագիրը նշել է, թե խնդրո առարկա հոդվածը հրապարակախոսական նյութ է, որտեղ հեղինակը հումոր է արել իշխանության հասցեին, եւ որ այն կապ չունի հաշմանդամություն ունեցողների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցողների հետ։
Բ. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
I. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
5.1. Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։
II. ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի աշխատակարգ
5․3․ ԻՆ անդամ չհանդիսացող ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել տվյալ լրատվամիջոցի համաձայնության դեպքում: Այսուհանդերձ, տվյալ ԶԼՄ-ի համաձայնության բացակայության դեպքում ԴՄ-ն իրեն իրավունք է վերապահում ԻՆ ոչ անդամների հրապարակումների վերաբերյալ բողոքների քննությունից հետո ընդունել եւ հրապարակել փորձագիտական կարծիք կամ հայտարարություն:
Գ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով «Հավասարության ուղի» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի համահիմնադիր Հասմիկ Բունիաթյանի բողոքն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի կայքում 2024թ․ հոկտեմբերի 15-ին հրապարակված «Էս գժանոցը դիրեկտոր չունի» վերնագրով հոդվածը, ուսումնասիրելով համապատասխան էթիկական նորմերը, ինչպես նաեւ՝ միջազգային պրակտիկան, արձանագրում է, որ
• Խնդրո առարկա հոդվածը թեեւ հրապարակվել է «Հրապարակ» օրաթերթի կայքի «Քաղաքականություն» բաժնում, այն, ըստ էության, քաղաքական երգիծանք է, որտեղ հեղինակը ծաղրի, չափազանցությունների, ալեգորիաների եւ հրապարակախոսական այլ գործիքների օգնությամբ իր պատկերացումների չափով դիրքորոշում է հայտնել ներկա քաղաքական իշխանության եւ նրա գործողությունների որոշ դրսեւորումների վերաբերյալ։ Այս համատեքստում «գիժ», «գժանոց» բառերի բազմակի կիրառումը հասցեական չէ, եւ կարելի է համարել, որ նպատակ չունի վիրավորելու կամ խտրական վիճակի մեջ դնելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կամ որեւէ կոնկրետ անձի: Այդ իմաստով՝ հոդվածում Կանոնագրի նորմերի հետ հակասություն չկա։
• Դիտորդ մարմինը լրատվամիջոցներին հորդորում է ընկալման շփոթից խուսափելու նպատակով հստակորեն մակնշել հիմնական լրահոսից առանձնացող ժանրերում արված նյութերը (ֆելիետոն, պամֆլետ, հեղինակային սյունակ եւ այլն), դրանք զետեղել համապատասխան խորագրերի տակ եւ բաժիններում, պատեհության դեպքում՝ ավելացնել համապատասխան պարզաբանող նշումներ (դիսքլեյմեր)։