ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն առաջարկել է դիտարկել Կանադան Միացյալ Նահանգների կազմում որպես 51-րդ նահանգ ներառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ նման քայլը կարող է զգալիորեն կրճատել կանադացիների ծախսերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար սուբսիդիա տրամադրում Կանադային: Դա անիմաստ է: Կանադացիներից շատերը ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Նրանք հարկերի և ռազմական պաշտպանության ոլորտում հսկայական գումար կխնայեն: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է: 51-րդ նահանգ», – գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը խոստացել է հունվարին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Դեկտեմբերի 16-ին Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված են Թրամփի սպառնալիքներին արձագանքելու եղանակների հետ։
Ավելի վաղ Թրամփը կատակով արդեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ»։ Դրան Կանադայի կառավարությունն արձագանքել է, որ վճռականորեն է տրամադրված՝ պաշտպանելու երկրի շահերը։