Ֆան շարժումները պատրաստվում են արմատական քայլերի դիմել ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականին հասնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների անդամները մշակել են համակարգային ծրագիր և պատրաստ են արմատական քայլերի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականին հասնելու համար։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին ֆան շարժումների ներկայացուցիչները:

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի խոսքով` ՀՖՖ-ն կորցրել է իր վստահությունը երկրպագուների մոտ:

«Մեր շարժման մեկնարկի պահից միշտ ստանում ենք այն հարցը, թե ում ենք տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում: Մենք չունենք որևէ թեկնածու: Մեզ համար խնդրի լուծումը համակարգի մեջ է: Մենք ունեն գործողությունների քարտեզ: Մենք պայքարը տանելու ենք մինչև ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը: Մեզ մտահոգում է հայկական ֆուտբոլի ներկա վատ վիճակը: Ինչպես հավատալ մի ֆեդերացիայի, որն արդեն իսկ ձախողել է իր ռազմավարությունը»,-ասաց Ջանջոյանը:

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման անդամ Երվանդ Իսմաիլյանի կարծիքով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր իսկ գրած մինչև 2025 թվականի ռազմավարությունը ձախողել է, և շարժման պահանջը ոչ միայն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է, այլ ամբողջ ղեկավար կազմի:

«Նրանք ձախողել են 5 տարվա ռազմավարությունը և այսօր նրանց հնչեցրած նոր կոչերն անվստահելի են: Վստահություն չի ներշնչում այն թիմը, որը 5 տարում չի իրագործել իր ռազմավարությունը, ուր մնաց թե երկու տարում կարողանա փոխել ինչ-որ բան»,-առանձնացրեց նա:

Շարժման անդամ  Անդրանիկ Դալդումյանը մասնավորապես առանձնացրեց. «Մենք այն կարծիքին ենք, որ ռազմավարության յուրաքանչյուր կետ պետք է լինի իրատեսական: Անիրատեսական է այն, որ մինչև 2025 թվականը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հանդես կգա խոշոր մրցաշարում: Մեր ազգային թիմը պարզապես հեռու է Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցությունից: Երբ գալիս է արդյունքներից խոսելու ժամանակը, չստացված արդյունքները բարդվում են ակումբների վրա: Հաջորդ հարցերից մեկն այն է, որ կառուցվող ակադեմիաներն արդյունավետություն չեն ունենում կամ դառնում են բիզնես նախագծեր»:

Երկրպագուական շարժումների ներկայացուցիչներն ասացին, որ նպատակ ունեն դիմել արմատական քայլերի, որպեսզի հասնեն ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականին, մասնավորապես նպատակ ունեն հասնել նրան, որ ձախողվի ՀՖՖ ենթակայության տակ անցկացվող ցանկացած մրցաշար:

 




Լրահոս